Մատչելիության հղումներ

Եռյակի գործընկերները առայժմ քննարկում են քաղաքական խորհրդի վերաբերյալ ԲՀԿ-ի որոշումը


«Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներ Գագիկ Ծառուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանի Ազատության հրապարակում եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ
«Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներ Գագիկ Ծառուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանի Ազատության հրապարակում եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ

Իսկ իշխող Հանրապետականում նախկին կոալիցիոն գործընկերոջ հայտարարությունների առնչությամբ մարտահրավեր չեն տեսնում:

Երկու օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղխորհրդի նիստի ժամանակ կայացված որոշման շուրջ՝ ստեղծել ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ, եռյակը դեռևս միասնական դիրքորոշում չի հայտնել, մյուս երկու քաղաքական ուժերն էլ դեռևս պաշտոնական արձագանքներ չեն տվել:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ազատությանը» փոխանցեց, թե դեռևս քննարկումների փուլում են։ «Այս պահին քննարկումներ են ընթանում, քննարկումների փուլ է այս պահին, և մնացածը արդեն մեր գործընկերներին, բնականաբար, պատշաճ կտեղեկացնենք», - ասաց նա:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ «Ազատությանը» փոխանցեց, թե իրենց ասելիքն ավելի ուշ կասեն։

«Բարգավաճ»-ի գործընկեր կուսակցությունները, ըստ էության, առայժմ հրապարակային չեն արձագանքում այն պնդումներին, որ ԲՀԿ-ի առաջնորդ Ծառուկյանը գնալով ղեկը վերցնում է իր ձեռքն ու դառնում եռյակի առաջնորդը։

Ծառուկյանը, հիշեցնենք, քաղխորհրդի նիստի ժամանակ իր ելույթում այսպիսի արտահայտություն էր արել․ - «Քանի որ պատասխանատվությունը իմ վրա է, ես թույլ չեմ տալիս ոչ պարտություն, ոչ իմ թիմից որևէ մեկի մատը փուշ մտնի, ոչ էլ ժողովրդի»:

Կուսակցության քաղխորհրդի անդամ Թամար Պողոսյանն էլ իր ելույթում Ծառուկյանին անվանել էր շարժման առանցքային լիդեր։

«Բարգավաճ Հայաստան»-ի քաղխորհուրդը այդ նիստում միաձայն որոշում է կայացրել ստեղծել ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ: Հայտարարվել է, թե աշխատանքներ պետք է տարվեն նաև արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ՝ նրանց նույնպես համաժողովրդական շարժման մեջ ներգրավելու համար:

Ոչ վաղ անցյալում Հանրապետական կուսակցության հետ իշխանական կոալիցիայում ընդգրկված, իսկ այժմ ընդդիմադիր կուսակցությունների հետ եռյակ կազմած «Բարգավաճ»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստում հայտարարել էր, թե Հայաստանով մեկ համաժողովրդական շարժման գրասենյակներ են բացելու, դրանց միջոցով կապ են հաստատելու հասարակության ավելի լայն շերտերի հետ՝ պարզելու նրանց մոտեցումներն ու պահանջները։

«Համապատասխան մարդկանց կարծիքը իմանան, իրենց մոտեցումը և իրենց պահանջը, որ ասելով՝ «հիմա եթե սենց բան լինի, դու մասնակցո՞ւմ ես, թե՞ չես մասնակցում»: Երբ որ դուք պատրաստ եղաք, իմացեք, որ մենք եռյակով որոշելու ենք ու արդեն օրը, ժամը, տեղը անենք», - ասել էր ԲՀԿ-ի առաջնորդը:

ՀՀԿ-ում չեն հասկանում՝ ով ում հետ է ցանկանում մրցապայքարի մեջ մտնել

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

Իշխող Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) նախկին կոալիցիոն գործընկերոջ հայտարարությունների առնչությամբ որևէ մարտահրավեր չեն տեսնում, թեև Գագիկ Ծառուկյանը իր ելույթում մասնավորապես ասել էր՝ «հաղթանակը մերն է, ժամանակը մերն է, ապագան մերն է»:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ որևէ մտահոգություն չունեն, և իրենց համար պարզ չէ, թե ում հետ են մրցապայքարի մտել Ծառուկյանն ու նրա եռյակի գործընկերները:

«Բացարձակապես նման տիպի մտահոգություններ չկա, և ես չեմ հասկանում՝ ով ում հետ է ցանկանում մրցապայքարի մեջ մտնել: Մենք մի ընդհանուր ժողովուրդ ենք, և պետք է մտածենք, թե ոնց անենք, որ կարողանանք, եթե կան խնդիրներ, այդ խնդիրները կարգավորել», - հայտարարեց Բաղդասարյանը:

Երկու շաբաթ առաջ Ազատության հրապարակի հարթակից իշխանափոխության անհրաժեշտության մասին ելույթ ունեցած Ծառուկյանը քաղխորհրդի նիստում ընդգծել էր, թե ճիշտ է՝ մայդան չեն ուզում, բայց և լճացմանն էլ համաձայն չեն։ Նա շեշտել էր, թե իրենք պարտություն չեն կրելու։

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, տարակուսում է, թե ով է հասկացել ու հասկանում, թե ինչ է ուզում ասել ու անել «Բարգավաճ»-ը՝ եռյակի մյուս գործընկերներով։ Ծառուկյանի հայտարարությունները Բաղդասարյանը ընդամենը պոպուլիստական հայտարարություններ է որակում: «Դրանցում իշխանական մոլուցք կա», - ասում է նա ու շարունակում՝ եռյակն ընդամենը ուզում է հայտնվել իշխանության ղեկին, «բայց երկրի ճակատագրի նկատմամբ այդպես վերաբերվելն ուղղակի անթույլատրելի է»։

«Դուք որպես քաղաքացի երբ որ լսում եք այդ հայտարարությունները, ինչ-որ հստակեցում լսե՞լ եք, որ եռյակը միասնական, միաձայն մի հայտարարություն անի, մի որոշում կայացնի: Նրանք տարբեր գաղափարակիրներ են, նրանք իրար հետ չեն կարող ճանապարհ գնալ, և ինձ թվում է, որ նրանց հայտարարությունները որպես քաղաքական հայտարարություններ ընկալել չի կարելի», - ասաց իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը՝ հավելելով․ - «Չեմ ցանկանա վերագրել ինքնանպատակ, բայց, համենայն դեպս, դա կանոնակարգված չէ՝ իրենց գործողությունները, որոնք անում են, դրանք պարզապես ամբիցիաներ են»:

Եռյակի ապագան կասկածելի համարող Հանրապետականում կարծում են, թե «Բարգավաճ»-ն իր բացվելիք գրասենյակներով պատրաստվում է հերթական ընտրություններին, և եթե նրանք 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների մասին են խոսում, Բաղդասարյանը դա նորմալ է համարում՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստ են քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ:

«Ես ավելի շատ դրանք կվերնագրեի նախընտրական շտաբներ, պարզապես անունն են գեղեցկացրել, որ ավելի ընդգրկուն լինի, այսպես ասած, հնչեղ լինի: Ինձ թվում է՝ նրանք արդեն նախընտրական պայքարը սկսել են», - հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավարը:

«Մենք ցանկացած խնդիրներ, պահանջներ չէ՝ առաջարկություններ, այդ պահանջներ ձևակերպումը փոխենք առաջարկության, ցանկացած առաջարկություններ մենք քննարկում ենք», - վստահեցրեց Վահրամ Բաղդասարյանը:

«Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն, իշխանափոխության հիմքը մենք ենք դրել՝ սահմանադրական փոփոխություններ ենք առաջարկում, որտեղ նոր մոդել է առաջարկվում, և այդ մոդելում եթե իրենք 17 թվականին Ազգային ժողովի ընտրություններում կհավաքեն մեծամասնություն, այն քաղաքական ուժը, որը կհավաքի մեծամասնություն, նա էլ կլինի իշխանություն», - հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG