Մատչելիության հղումներ

Բեռլինի պատի փլուզման 25-ամյակը


«Այս պահին Ռուսաստանը կանգնած է Բեռլինի պատի փլուզումից ի վեր ամենավտանգավոր պատմական շրջանի շեմին»:

Նոյեմբերի 9-ին լրանում է Բեռլինի պատի փլուզման 25-րդ տարին, որի կապակցությամբ Գերմանիայում տեղի են ունենալու մեծ տոնախմբություններ։ Սակայն Ռուսաստանը չի արձագանքում այդ իրադարձությանը։

Մինչ լարվածությունը Արևելք - Արևմուտք հարաբերություններում խորանում է, Բեռլինի պատի փլուզումը նոր նշանակություն է ստանում։

Մոսկվայի Սախարովի կենտրոնի այգում տեղադրված հուշարձանը նվիրված է 25 տարի առաջ Բեռլինի պատի փլուզմանը։ Կենտրոնի աշխատակիցներից Նատալյա Սամովերի խոսքերով՝ «հուշարձանը ազատության առանձնահատուկ արտահայտություն է, որը հիշեցնում է մեզ, որ ազատությունը նշանակում է նաև պատասխանատվության ստանձնում, ինչին մենք անդրադարձանք պատի փլուզումից հետո»։

Բեռլինի պատի փլուզման 25-ամյակը «երկաթե վարագույրի» երկու կողմերում գտնվողներին խորհելու առիթ է տվել։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայից Յուրի Պիվովարովի համաձայն, ռուսները պատի փլուզմանը նայում են երկու տեսանկյունից․ - «Մի կողմից՝ վերակառուցման և ժողովրդավարական բարեփոխումների հետ մեծ հույսեր են կապվել, իսկ մյուս կողմից՝ ժողովրդի մեկ այլ հատված, կոմունիստները, պատի փլուզումը ափսոսանքով են դիտել, քանի որ այն ազդարարել էր Խորհրդային Միության փլուզումը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի առիթով Խորհրդային Միության փլուզումը բնութագրել է որպես «20-րդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ»։

Սակայն Մոսկվայի Քարնեգի կենտրոնից Դմիտրի Տրենինի կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզումը և կոմունիզմի գաղափարախոսության փլուզումը տարբեր հասկացողություններ են։ «Խորհրդային Միության փլուզումը որպես աղետ է դիտվել շատերի կողմից։ Փլուզվեց ոչ թե կայսրությունը, այլ՝ հասարակարգը և մարդկանց կենսակերպը», - ասում է Տրենինը։

Հարցումները ցույց են տվել, որ Ղրիմի գրավումից և ռուսամետ ապստամբներին Ուկրաինայում օգնելուց հետո, Ռուսաստանում նախագահ Պուտինի աջակիցների թիվը բարձրացել է՝ հասնելով 85 տոկոսի։

Յուրի Պիվովարովի համաձայն՝ ընթացիկ իրադարձություններն ու Կրեմլի քաղաքականությունը տանում են դեպի «բեռլինյան պատի վերականգնում»։ «Նոր պատը կանգնեցվում է Ուկրաինայում, Ռուսաստանի սահմանին, այլ ոչ թե Գերմանիայում։ Այս պահին Ռուսաստանը կանգնած է Բեռլինի պատի փլուզումից ի վեր ամենավտանգավոր պատմական շրջանի շեմին», - ասում է Պիվովարովը։

Այս օրերին Մոսկվայում Գերմանիայի դեսպանատունը ներկայացնում է պատի փլուզմանը նվիրված արվեստագետների գործեր։

Ռուս արվետսագետ Դմիտրի Վրուբելի համաձայն՝ վերջին 25 տարիներին մարդկության պատմության ու քաղաքականության մեջ պատը փոխարինվել է բոլորովին նոր պատով։ «Եվրոպայի համար Բեռլինի պատը շարունակում է խորհրդանշել բաժանվածությունը երկու տարբեր աշխարհների միջև», - ասում է նա։

Չնայած Բեռլինի պատը ավերվեց 25 տարի առաջ, պատնեշները մրցակից ուժերի միջև կարծես թե ամրապնդվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG