Մատչելիության հղումներ

Աշոտյան․ «Հայաստանում եղանակ ստեղծողը Հանրապետականն է»


Հանրապետականի ղեկավարությունը իշխող կուսակցության համագումարի ժամանակ, մայիս, 2014թ․
Հանրապետականի ղեկավարությունը իշխող կուսակցության համագումարի ժամանակ, մայիս, 2014թ․

Իշխող կուսակցության փոխնախագահը այդպես հակադարձեց քաղաքական թեժ աշնան մասին հարցին:

Այսօր Կառավարության նիստում թերևս պետք է հայտնի դառնա փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի թափուր մնացած պաշտոնների ճակատագիրը:

Նախօրեին՝ իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո, կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հորդորեց մեկ օր սպասել, այդպես էլ չպատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք Հանրապետականն արդեն կառավարության թափուր մնացած պաշտոնների համար թեկնածուներ ունի՞, թե՞ ոչ: Փոխարենը, Աշոտյանը տեղեկացրեց՝ Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ կլինեն:

«Մենք քննարկել ենք նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներսում որոշ կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, այդ կառուցվածքային փոփոխությունների մասին ավելի ճիշտ կլինի, որ վաղը դուք տեղեկանաք Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգից», - ասաց նախարարը:

Երբ լրագրողները փորձեցին ճշտել, թե թափուր մնացած փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնների համար Հանրապետականը ունի՞ արդյոք թեկնածուներ, թե՞ հնարավոր է՝ կառուցվածքային փոփոխությունների միջոցով հարցը լուծվի, Արմեն Աշոտյանը հորդորեց միայն սպասել Կառավարության այսօրվա նիստին․ - «Կարծում եմ, որ մեկ օրը ձեր հարուստ լրագրողական կյանքում ճակատագրական չի լինելու»։

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Արմեն Աշոտյանը միայն մեկ անուն տվեց՝ Վայոց Ձորի մարզպետի իրենց թեկնածուն Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանն է․ - «Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հավանության է արժանացրել Հարություն Սարգսյանի թեկնածությունը որպես Վայոց Ձորի մարզպետի թեկնածու, որի վերջնական պաշտոնի նշանակման հարցը կքննարկի և որոշում կկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

«Հայաստանում եղանակ ստեղծողը Հանրապետականն է»

Արդյո՞ք աշունը թեժ է՝ լրագրողներից մեկի հարցին Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ Հայաստանում եղանակ ստեղծողը Հանրապետականն է:

«Քաղաքական իմաստով Հայաստանի բնակլիմայական պայմանների վրա կարող է լրջագույն ազդեցություն ունենալ բացառապես Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Ես չեմ զարմանա, որ տարվա բոլոր չորս եղանակների հետ կապված՝ մեր գործընկերները պարբերաբար փորձեն սիմվոլիկ գեղարվեստական կերպարներ ստեղծել, որպեսզի կարողանան նման տեսլականներով երկարացնել այն անհեռանկարային քաղաքական գործընթացը, որը մեկնարկել է», - հայտարարեց իշխող կուսակցության փոխնախագահը:

Հարցին էլ, թե ինչպե՞ս է Հանրապետական կուսակցությունը վերաբերվում ոչ իշխանական եռյակի՝ մարզերում շտաբեր ստեղծելու մտադրությանը, Արմեն Աշոտյանը հակադարձեց․ - «Եթե պատկերավոր ասենք՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի նիստերը հայկական ավանդական սեղաններից նաև տարբերվում են նրանով, որ ճյուղ առ ճյուղ տարբեր հարցադրումներ չեն քննարկվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG