Գյուղատնտեսության նախարարության ու թռչնաբուծական ընկերությունների պարզաբանումները հավկիթի թանկացման վերաբերյալ խանութներում ու սոցցանցերում հեգնանքի տեղիք են տվել։
Շատերին է տարօրինակ ու զավեշտալի թվում նախարարության պաշտոնական հայտարարությունը, թե վերջին ամսվա ընթացքում հավկիթի գինը 60-ից հասել է ընդհուպ մինչև 85 դրամի, քանի որ երկրով մեկ վառեկները խոշորացել են ու սկսել են արդեն ավելի մեծ տրամագծով ու թանկ ձվեր ածել։
Թռնաբույժների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հարցին, թե ինչպես ստացվեց, որ հանկարծ մեկ օրում վառեկները խոշորացան, պատասխանեց․ - «Տեխնոլոգիայով: Վառեկը դարձավ ածան հավ, բնականաբար ձվի կատեգորիան մեծացավ»:
Ստեփանյանը բացառեց, որ ընթացիկ ամսվա վերջին ու դեկտեմբերին թանկացումը շարունակվի․ - «Բացարձակապես: Մենք արդեն հետևից գալացող սերունդ ունենք, որ գալիս ա փոխարինման»:
Գյուղատնտեսության նախարարությունը շարունակում է հավաստիացնել, թե չնայած թանկացմանը՝ շուկայում դեֆիցիտ չկա և որ անգամ ամանորյա տոներին հավկիթի պակաս չի զգացվի։ Թռչնաբույժների միության ղեկավարն էլ հավելում է, որ եթե անգամ շուկայում պակասորդ լինի, իրենք Կառավարության հետ պայմանավորվածություն ունեն՝ ձուն կներկրեն դրսից։ Նրա խոսքով՝ արդեն ձու արտադրող 4 ընկերության Կառավարությունը նման թուլտվություն է տվել:
Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանը հենց այս պայմանավորվածությունն է համարում վերջին թանկացման ու վառեկների խոշորացման մասին պնդումների իրական պատճառը։ Պիպոյանը զարմանում է՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ դեռ սեպտեմբերին հայտարարվում էր, թե Հայաստանը այս ոլորտում ինքնաբավ է և դրսից ներկրման կարիք չունի, իսկ չանցած երկու ամիս՝ հանկարծ զգացին, որ ներկրման կարիք կա ու անգամ որոշեցին, թե ով կարող է դրանով զբաղվել։
«Այս պահին դրա մասին ոչ ոք չի խոսում: Բայց կանցնի շատ կարճ ժամանակ, կասեն՝ ժողովուրդը ուզում էր 65 դրամանոց հավկիթը, մենք էլ ստիպված գնացինք ներկրեցինք․․․ Պետք է հասկանալ ակունքները՝ ի՞նչ ինքնարժեքով ձու կարելի է ունենալ մեր երկրում, երբ որ շուկան ազատականացված լինի», - ասաց Պիպոյանը՝ շարունակելով, թե իրականում դրսից ներկրված ձուն ավելի էժան է նստում գործարարի վրա, և փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ այն վաճառվում է շուկայում ավելի բարձր գնով՝ տեղականի անվան տակ՝ գերշահույթներ ապահովելով ոմանց համար։
«Արդեն ունենք դեֆիցիտ ու գնաճ: Շատ մոտ ապագայում՝ ընդամենը 15-20 օր հետո կունենանք լուրջ ներկրումներ․ 6-10 միլիոն հավկիթ է ներկրվելու Հայաստանի Հանրապետություն», ասաց նա՝ կասկած հայտնելով, որ ներկրված 10 միլիոն հավկիթները իրացվեն որպես ներկրված՝ վկայակոչելով նախորդ տարիների փորձը:
«Ազատության» այցերը մայրաքաղաքի տարբեր խանութներ ցույց տվեցին, որ դրանցում վաճառվում են բացառապես միջին չափի ձվեր՝ փոքր ու մեծ չափի հավկիթներ չկային։ Թե՛ վաճառողները, թե՛ գնորդներն ասում են, որ իսկապես անցած երկու ամսում լայն սպառման այս ապրանքը զգալի թանկացել է։