Խոշոր բիզնեսի ստվերային հատվածի դեմ պայքարի առաջին եռամսյակը ամփոփած Կառավարության հաջողությունները մոտ 8.5 անգամ զիջում են նախորդ տարվա ցուցանիշներին, երբ ստվերի դեմ չէին պայքարում:
Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա երրորդ եռամսյակում խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 2.9 տոկոսով ավելի հարկեր ու պարտադիր վճարներ (89.8 միլիարդ դրամ), քան 2013 թվականի երրորդ եռամսյակում: Մինչդեռ 2013 թվականին, երբ հայտարարված չէր պայքար ստվերի դեմ, երրորդ եռամսյակում խոշոր հարկատուները 24.4 տոկոսով էին ավելի հարկ վճարել պետբյուջե (85 միլիարդ դրամ), քան 2012 թվականի նույն ժամանակահատվածում (67 միլիարդ դրամ): 2012 թվականի երրորդ եռամսյակում էլ խոշորները 8.3 տոկոսով էին ավելի հարկ վճարել, քան 2011 թվականի նույն ժամանակահատվածում:
Այսինքն, ստացվում է` նախորդ տարիներին, երբ ստվերի դեմ պայքար հայտարարված չէր, Կառավարությունն ավելի տպավորիչ հաջողություններ ուներ:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը ուշադրություն հրավիրեց, որ խոշոր բիզնեսից հարկահավաքության աճը հետ է մնացել տնտեսական աճից։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա առաջին 9 ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 4.3 տոկոս, մինչդեռ հուլիսի 1-ից այս կողմ, երբ Կառավարությունը սկսեց իր պայքարը ստվերի դեմ, խոշոր բիզնեսից հաջողվել է ընդամենը 2.9 տոկոսով ավելի հարկ հավաքել:
«Փաստորեն, խոշոր բիզնեսը ավելի քիչ հարկ է վճարել, քան՝ աճել է», - եզրակացրեց Խաչատրյանը:
«Իրականում, եթե համեմատությունը էդպիսին է՝ տնտեսական աճը առաջանցիկ է հարկերի հավաքումից, դա նշանակում է, որ իսկապես, ստվերի դեմ պայքարը հավասար է զրոյի՝ արդյունք չի տվել։ Ստվերի դեմ պայքարը, նախ և առաջ, քաղաքական որոշում պետք է ունենա, եթե չկա քաղաքական որոշում, ստվերի դեմ պայքարը պարզապես Հայաստանի Հանրապետությունում անիմաստ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց մոտ մեկ ամիս անց Հովիկ Աբրահամյանը մինչև հուլիսի 1-ը ժամանակ տվեց հայաստանյան խոշոր գործարարներին՝ կա՛մ նրանք սեփական ցանկությամբ կսկսեն աշխատել հավասար դաշտում և դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար Կառավարությունը «կօգտագործի իր լծակները»:
«Մենք պայմանավորվել ենք բոլորի հետ միասին, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, և բոլորը ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան։ Դա եղել է մեր պայմանը, և մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն, իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում։ Եվ ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին։ Ես գտնում եմ և նաև ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պաշտպանել, և եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակները օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծում տանք», - հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։
Հայաստանի իշխանությունները առաջին անգամը չէ, որ խոսում են երկրում գործարարության մեջ հավասար պայմաններ ստեղծելու մասին: Դեռ 2011 թվականի նոյեմբերին, ելույթ ունենալով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարում, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. - «Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից»։
Այս ամենի ֆոնին մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` 2014 թվականի փետրվարին հրապարակած զեկույցը պնդում է, որ Հայաստանում հարկային ու մաքսային ոլորտի պաշտոնյաները ապօրինաբար զբաղվում են բիզնեսով՝ արդյունքում անօրինական առավելություններ ստանալով միևնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ:
Ֆինանսների նախարարությունը այսօր չարձագանքեց «Ազատության» գրավոր խնդրանքին՝ մեկնաբանել հրապարակված թվերը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը վերջերս անկեղծացավ՝ լրացուցիչ հարկեր հավաքելու համար Կառավարությունն այլ ելք չունի, քան հասնել ստվերի կրճատմանը:
«Ես ձեզ ուզում եմ ասել, որ մենք մոտեցել ենք այն նշակետին, երբ համախառն ներքին արդյունքի աճի և մյուս ցուցանիշների աճին զուգահեռ հարկերի հետագա աճը պետական բյուջե հնարավոր է միայն ստվերային տնտեսության կրճատման հաշվին։ Ստվերը կա բոլոր չասեմ, բայց բոլոր ոլորտներում, և տարբեր ոլորտներում տարբեր չափի», - ասաց ֆինանսների փոխնախարարը։