Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ Ծառուկյան - Սարգսյան հանդիպում, որի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը բարձրացրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, տեղի չի ունեցել: Իշխող Հանրապետականի փոխնախագահը, սակայն, ընդգծում է, որ եթե Ծառուկյանը հանդիպման կարիք ունենա, ապա մերժման խնդիր չի առաջանա:
Ազատություն․ - Մամուլը գրել է, որ հանդիպում է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև, դա իրականությունը համապատասխանո՞ւմ է, Դուք տեղեկություններ ունե՞ք այդ մասին:
Սահակյան․ - Տեղեկություններ չունեմ, չեմ կարծում:
Ազատություն․ - Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք զարգացումները հասել են այն կետին, որ այդպիսի անհրաժեշտություն կա՝ հանդիպում Սարգսյանի և Ծառուկյանի միջև:
Սահակյան․ - Համենայնդեպս, փորձում են ներկայացնել, և դրան դուք նաև օժանդակում եք, որ ծայրահեղ էնպիսի վիճակ է, որ անհրաժեշտ է նստել կլոր սեղանի մոտ քննարկել:
Ազատություն․ - Այսինքն, Դուք անհրաժեշտություն չեք տեսնում Ծառուկյան - Սարգսյան հանդիպման:
Սահակյան․ - Եթե նման խնդիր առաջանա պարոն Ծառուկյանի կողմից, չեմ կարծում, որ մերժման մասին խնդիր կարող է առաջանալ: Մենք բաց ենք հանդիպումներին:
Ազատություն․ - Ինչո՞ւ դուք չեք նախաձեռնում լիդերների հանդիպում:
Սահակյան․ - Բայց ո՞ր խնդրի շուրջ, ո՞ր ծրագրի:
Ազատություն․ - Այն պահանջների, որ Ծառուկյանը բարձրացրեց Ազատության հրապարակում:
Սահակյան․ - Էդտեղ պահանջներ չկա, էդտեղ խոսքը գնում է, որ ժողովուրդը վատ է ապրում, որ էսպիսի խնդիրներ կան:
Ազատություն․ - Պահանջներ կային՝ Ընտրական օրենսգիրքը փոխել, մեծամասնական ընտրակարգը վերացնել, ընտրություններ կազմակերպել․․․:
Սահակյան․ - Ընտրական օրենսգիրքը պատրաստ ենք փոխել իր ժամանակին: Մենք ավելի շատ այս պահին կառավարման մոդելի փոփոխություններ ենք․․․ իրագործման ճանապարհին ենք, և մինչև հիմնական նյութը, տեքստը չլինի սահմանադրական փոփոխությունների կամ Սահմանադրության փոխվելու, բնականաբար էդտեղ Ընտրական օրենսգիրք փոխելը դա աբսուրդ է, քանի որ պիտի բխի նաև այդ փոփոխությունները: Այս պահին նաև Կառավարությունում հատուկ հանձնախումբ կա, որը ուսումնասիրում է առաջիկայում սահմանադրական փոփոխությունների ֆոնի վրա ինչպիսին կլինի Ընտրական օրենսգիրքը: Այդ առումով բոլոր խմբակցություններից հրավերները ստացել են և մասնակցել են:
Ազատություն․ - Հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկա ամիսներին կամ 2015-ի ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, նաև հենց Հանրապետականը նախաձեռնի այդ ընտրությունները:
Սահակյան․ - Նման ենթադրությունների գնալը կարծում եմ անտեղի աշխատանք է:
Ընդհանրապես անդրադառնալով եռյակի պայքարին՝ Ազգային ժողովի նախագահն ասում է, թե ողջունում է պայքարը, բայց պայքար՝ չի նշանակում իշխանափոխություն: Իշխանափոխության համար անհրաժեշտ է լուրջ վերլուծություն, ծրագիր և գործողությունների ճանապարհային քարտեզ, որը մինչև այսօր չկա:
Մինչ Հանրապետականը բացատրում է, թե իրականում ինչ է նշանակում իշխանափոխություն, եռյակի լիդերները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում են հանդիպման: Ինչպես նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը այդ հանդիպումը չի ուշանա:
Ինչ վերաբերում է հաջորդ հանրահավաքի ժամկետներին, ապա այդ հարցը եռյակը դեևս չի քննարկել: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանությունները արձագանքել են Ազատության հրապարակում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած առաջարկներին, արդյոք այս պահին իշխանությունների և եռյակի ուժերի միջև բանակցություններ ընթանում են, Միքայել Մելքումյանն ասաց, թե այդ արձագանքից տեղյակ չէ, բայց անկախ այն հանգամանքից, թե իշխանությունները կարձագանքեն, թե ոչ, եռյակն այս պահին աշխատում է հանրահավաքում հնչեցրած թեզերն իրականություն դարձնելու ուղղությամբ:
Նշելով, որ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հանդիպում եղել է, Մելքումյանն ընդգծեց․ - «Քանի որ պետք է արձագանք լինի, ես ասում եմ՝ կարող է լինի, բայց ես տեղյակ չեմ՝ կա, թե չկա, ուրեմն էդ արձագանքը կարող է տարբեր ձևով արտահայտվի: Հիմա եկեք դեպքերը չշտապեցնենք, երբ որ կլինի պաշտոնական տեղեկատվություն, պատշաճ մակարդակով դուք կիմանաք»: