Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին մեկնել է Եվրոպա, Ասիա և Մերձավոր Արևելք՝ տնտեսական աճի, անվտանգության և այլ խնդիրների շուրջ հանդիպումներ ունենալու համար։
Մերձավոր Արևելքում Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի և Եվրամիության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ հանդիպումներում նա կենտրոնանալու է Իրանի միջուկային ծրագրի վրա։
Այս հանդիպումները տեղի են ունենում մի ժամանակ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան մոտենում են Իրանի հետ համաձայնության համար նշանակված նոյեմբերյան վերջնաժամկետին։
Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին հայտարարել է, թե ինքը լավատեսորեն է տրամադրված Իրանի հետ միջուկային ճգնաժամը լուծելու ջանքերի նկատմամբ։
«Առաջիկա շաբաթներին պարզ կդառնա՝ արդյոք Իրանը կարո՞ղ է դժվար որոշումներ կայացնել միջուկային ծրագրի շուրջ, թե՞ ոչ։ Ոչ մի համաձայնություն՝ վատ համաձայնությունից լավ է», - ասել է Քերրին։
Միջուկային ծրագրի հարցերով փորձագետ Ռոբերտ Էյնհորնի համաձայն, միջուկային ծրագրի շուրջ մինչև նոյեմբերի 24-ը համապարփակ համաձայնություն կայացնելը անհավանական է թվում։
Համապարփակ համաձայնություն կնքելու համար անհրաժեշտ է համաձայնություն ուրանի հարստացման մակարդակների շուրջ, որը բավարարում է վառելահեղուկի արտադրման Իրանի պահանջները՝ միաժամանակ թեթևացնելով միջուկային զենքերի արտադրության մասին Արևմուտքի մտահոգությունները։
Էյնհորնի համաձայն, լավագույն դեպքում համաձայնություն կկայացվի միայն մի քանի կարևոր հարցերի շուրջ, հետագա մանրամասնությունների բանակցություններին հատկացնելով հավելյալ ժամանակ։
Միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Մելիսա Դալթոնի կարծիքով, նոյեմբերյան համաձայնության հեռանկարը բարդ է, սակայն հնարավոր է։
Դալթոնի համաձայն, ուրանի հարստացման կարողության վրա կենտրոնացումը կարող է խոչընդոտել բանակցությունները։
«Բանագնացների նպատակն է կանխել միջուկային զենքերի արտադրության Իրանի բոլոր հնարավորությունները և միջուկային ծրագիրը ծառայեցնել միայն խաղաղ նպատակների», - ասել է Մելիսա Դալթոնը։
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կարծիքով, սակայն, առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում հնարավոր կլինի հասնել համաձայնության։