«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունները, որոնք պարտավորեցնում են դեղատուն ուղարկելուց առաջ դեղորայք ներմուծողներին դրոշմապիտակներ փակցնել դեղորայքի վրա, գործում են նոյեմբերի 1-ից:
Դեղորայք ներմուծող բոլոր ընկերություններում հիմա ձեռքով փակցնում են դրոշմապիտակները, ապա առցացն հաշվետվություն են ներկայացնում:
«Մենք ունենք պահեստում մոտ վեց միլիոն միավոր դրոշմապիտակավորման ենթակա ապրանք, հիմա անում ենք, որ կարողանանք հասցնել, բայց ֆիզիկապես անհնար է», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Վագա ֆարմ» ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը` հավելելով. - «Եթե ստվերի դեմ պայքարը հաշիվ-ապրանքագրերով ապրանքների բացթողումն է, նույնիսկ դրոշմապիտակների մտցնելը ընդամենը քանակների վերահսկում է ենթադրում, որը ի սկզբանե մաքսային մարմինների և Առողջապահության նախարարության կողմից հենց մաքսային սահմանին կատարվում է»:
«Արգո ֆարմ» ընկերության փոխտնօրեն Գուրգեն Ասրյանի խոսքով` Ֆինանսների նախարարությունը կարող էր ուշադրություն դարձնել ստվերի գոյացման այլ ուղիներին. - «Ստվերի մի մասն էլ գալիս է, օրինակ, երբ պետական տենդերների մասնակցում են, գնում է հիվանդանոցները, այդ հիվանդանոցներից դուրս է գալիս շրջանառության մեջ»:
Դեղերը պիտակավորելը, ըստ պահեստներում աշխատողների, Հայաստանում շատ բարդ է, որովհետև հարյուրավոր դեղեր վաճառվում են ոչ թե տուփերով, այլ առանձին հաբերով:
Ներմուծողներին, սակայն, ավելի անհանգստացնում է առցանց հաշվետվություններ ներկայացնելու պահանջը. ընդամենը մեկ վրիպումը կարող է միլիանավոր դրամի տուգանքի պատճառ դառնալ:
«Եթե մինչև հիսուն հազարի մի վրիպում է լինում կամ սխալ է հայտնաբերվում, մոտ չորս հարյուր հազար տուգանքն է նախատեսվում առաջին անգամ, իսկ եթե հիսուն հազարից ավելի է լինում` երեք միլիոն դրամ: Այսինքն կարող էին միանգամից գնդակահարության դատապարտեին… Որևէ ձևով կախվածության մեջ գցելու համար այս անհեթեթ օրենքն ընդունվեց: Ինչպես էլ անես, հաստատ մի հաշվետվության մեջ մի վրիպում կլինի»: