Մատչելիության հղումներ

Լևոն Թոքմաջյանն անտրամաբանական է համարում Նժդեհի արձանը Նժդեհի հրապարակում չտեղադրելը


Armenia -- Sculptor Levon Tokmajyan, undated.
Armenia -- Sculptor Levon Tokmajyan, undated.

Երևանի քաղաքապետական գեղարվեստական խորհրդի անդամ, անվանի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը զավեշտալի է համարում, որ Գարեգին Նժդեհի հրապարակում կանգնած է Սուրեն Սպանդարյանի արձանը:

«Ինձ թվում է, որ մեր քաղաքացիների մեծ մասը կարծում են, թե Գարեգին Նժդեհը դա, ինչ որ դրված է, որովհետև ոչ մեկը ո’չ Սուրեն Սպանդարյանին է տեսել, ո’չ էլ Գարեգին Նժդեհին է տեսել: Բայց ինչքանո՞վ ճիշտ է, որ հրապարակը կոչվում է Նժդեհի անունով, դրված է Սպանդարյանի արձանը», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց նա:

Թոքմաջյանը փոխանցեց, որ քաղաքապետարանի գեղարվեստական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են հայտնի արվեստագետներ, զուտ խորհրդատվական մարմին է, և իրական ազդեցություն քաղաքապետարանի կողմից ընդուվող որոշումների վրա չունի:

Եվ ահա Գարեգին Նժդեհի արձանը, քաղաքապետարանի որոշմամբ, տեղադրվելու է ոչ թե նրա անունը կրող հրապարակում, այլ Հանրապետության փողոցում գտնվող առայժմ անանուն փոքրիկ հրապարակում:

«Ես ինչքան հասկացա, քանի որ Գարեգին Նժդեհը նաև Հանրապետական կուսակցության… գաղափարախոսությունն է, նրա փիլիսոփայական մտքերը, նրա գաղափարները, որոշել են դնեն Հանրապետական փողոցի վրա», - նշեց Թոքմաջյանը:

Հավելենք, որ Նժդեհի արձանի նախագծի համար երկու տարի առաջ հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել քանդակագործ Գագիկ Ստեփանյանի նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG