Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը, ըստ իրավապաշտպանների, խախտել է Ժնևի կոնվենցիաները


Մանվել Գրիգորյանը, ըստ իրավապաշտպանների, խախտել է Ժնևի կոնվենցիաները
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00

Մանվել Գրիգորյանը, ըստ իրավապաշտպանների, խախտել է Ժնևի կոնվենցիաները

Գեներալ - լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ասում է, որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին հարյուրավոր գերիներ է ունեցել, մեկին, նույնիսկ, իր տանն է պահել։

Իրավապաշտպանները հայտարարում են, թե Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը անգամ պատերազմական տարիներին տանը գերի պահելու իրավունք չուներ՝ գերենալը դրանով խախտել է1992 թվականին Հայաստանի կողմից վավերացված Ժնևի կոնվենցիաները։

Շաբաթ օրը «Ազատության» հետ զրույցում գեներալն ասել էր, թե պատերազմից Հայաստան էր վերադարձել հարյուրավոր գերիներով։

«Այո՛, խի՞ չեմ պահել, էն էլ հարյուրավորներ։ Սիմոն անունով գերուն տանն եմ պահել. 4 տարի պահել եմ՝ երկու տարի Մարտակերտ, երկու տարի բերել եմ Հայաստան, հետո Կարմիր Խաչով տվել եմ, տարել են հանձնել են իրենց, որովհետև մեր ուներ, քուր ուներ, նշանած ուներ, շատ էր ուզում գնար, ես էլ թողեցի գնաց», - «Ազատության» հետ զրույցում ասաց գեներալը։

Դիտարկմանը, թե Սիմոնը 15-16 տարեկան էր Մանվել Գրգորյանը հակադարձեց. - ««Սպեցնազ» էր՝ պարապած եզ։ Հա, 15 տարեկան, պարապած հատուկ ջոկատներից էր, դրան մինչև գերի են բռնել եսիմ ինչքան դժվարություն ա եղել»։

Հարցին, թե Սիմոն անունն, արդյո՞ք, գեներալն է կնքել և ինչո՞ւ՝ Սիմոն, Գրիգորյանը պատասխանեց. - «Հա՛, Սիմոնյան Սիմոն, բա, ո՞վ պետք է դներ՝ հո չեմ ասի Ալիևյան Ալիև»։

Ժնևի կոնվենցիաների համաձայն, պատերազմող կողմերը պարտավորված են ռազմագերիներին պահել իրենց հսկողության տակ։ Մասնավոր անձինք իրավունք չունեն տներում կամ այլ վայրերում նրանց պահել։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին գերիների փոխանակմամբ զբաղվող իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով գեներալի խոստովանությանն, ասաց, որ ոչ ոք՝ այդ թվում և գեներալ Գրիգորյանը, նման իրավունք չուներ։

«Եթե երկու տարի պահել է Էջմիածնում էդ տանը, ինչ մասին մենք կարող է գաղափար չունենաինք, ես դա համարում եմ, այո՛, Ժնևյան կոնվենցիաներին միանալուց հետո որպեսզ հակասություն, որպեսզ միջազգային իրավունքի խախտում», - ասաց Ալավերդյանը։

Իրավապաշտպանը ընդգծեց, որ այդ տարիներին, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում գերիներ էին պահում` հակառակորդի մոտ գտնվող հարազատին վերադարձնելու ակնկալիքով։

Ալավերդյանի խոսքով, մարդիկ իրենց տանը կերակրում էին ադրբջանցի գերուն, որպեսզի նրան փոխանակեն սահմանի այն կողմում գերության մեջ գտնվող հարազատի հետ։

Իրավապաշտպանը պատմեց, որ ինքն ու գործընկերները պատերազմի ավարտից հետո դիմել են այդ ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ խնդրելով աջակցել գերիներին պետական հսկողության տակ վերադարձնելու գործընթացին։ Ալավերդյանի խոսքով, Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով այդպես էլ եղավ։

Գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպանը, սակայն, չի կարող ստույգ ասել՝ նախագահի այդ հրամանից հետո գեներալ Գրիգորյանը վերադարձրե՞լ է ադրբեջանցի գերիներին պետական կառույցների հսկողության տակ, թե՞ ոչ։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե անկախ այդ կոնվենցիաների վավերացումից, ոչ ոք, այդ թվում և պատերազմի մասնակիցը, իր տանը գերի պահելու իրավունք չունի։ Իրավապաշտպանի խոսքով՝ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

Սաքունցի համոզմամբ՝ գեներալի հայտարարությանը պետք է հետևի Կառավարության արձագանքը՝ գեներալին պատասխանատվության ենթարկելու համար։

«Միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է անկախ այն հանգամանքից, թե այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել էր ժնևյան կոնվենցիաները, թե ոչ, այն, որ նշում է, որ հարյուրավոր գերիներ, բայց որևէ տեղեկատվություն չկա այդ գերիների ճակատագրերի մասին, նմանապես, նաև հայ գերիների ճակատագրի մասին, որոնք գտնվել են Ադրբեջանում», - ասաց իրավապաշտպանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք գեներալի հայտարարությունը կունենա իրավական հետևանք, Գլխավոր դատախազությունից ու Հատուկ քննչական ծառայությունից պատասխանեցին, որ դրան կանդրադառնան վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG