Մատչելիության հղումներ

Նախարար. «Պայքարելու ենք յուրաքանչյուր թիզ հողի համար»


Նախարար. «Պայքարելու ենք յուրաքանչյուր թիզ հողի համար»
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային սեղանին դրված փաստաթղթին, որտեղ դրույթ կա նաև Ստեփանակերտի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձի մասին, հայտարարեց, թե պայքարելու են ամեն մի կտոր հողի համար։

«Ազատության» ճշտող հարցին, թե նաև այդ շրջանները նկատի ունի՞, Օհանյանը պատասխանեց.- «Եթե Արցախին մի ինչ-որ վտանգ սպառնա, անկասկած մենք յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք»։

Ոչ մի թիզ հող. Սեյրան Օհանյանի տեսակետը կիսում է նաև Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը, ով հարցին ի պատասխան ասաց՝ «մարդ ենք ման գալիս, տեսնենք, ով է ուզում հող տա»։

«Ես չեմ մտածում, ես 25 տարի առաջ գործել եմ ու գործը փակել եմ։ Թե ուրիշները մտածում են, թող մտածեն։ Ես Ղարաբաղի գործն ավարտել եմ վաղուց։ Դե եթե փոխանակման խնդիր ունի [Ադրբեջանը], մենք էլ շատ հողեր ունենք իրանց ձեռը, էտի կարելի է արդեն մտածել, բայց դա իմ գործը չէ, դիվանագետների, քաղաքական գործիչների գործն է»,- ասաց Գրիգորյանը։

Պաշտպանության նախարար Օհանյանն իր հերթին ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման վերջնագծում փոխադարձ վստահության ստեղծումն է՝ շեշտելով սակայն, որ ադրբեջանական կողմը վստահությանն ուղղված միջոցառումների անցկացմանը միշտ բացասական է պատասխանել։ Օհանյանը հիշեցրեց, որ հայկական կողմը սովորաբար պաշտպանական միջոցառումներ է կիրառում, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է դիվերսիոն գործողություններ իրականացնել ու չանսալ դիպուկահարներին սահմանագծից հետ քաշելու միջազգային հորդորներին։

Անդրադառնալով այժմ Ղարաբաղում ընթացող ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը՝ Օհանյանն ասաց, որ նրանք կստանան իրենց պատիժը՝ ընդգծելով, որ դատավարությունն ընթանում է միջազգային չափանիշներին համապատասխան։

«Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է և իր դատական իշխանության ձևավորման գործընթացում առաջատարներից մեկն է մեր տարածաշրջանում»,- ասաց նախարարը։

Նախարարին խնդրեցինք նաև արձագանքել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի վերջին հայտարարությանը, որտեղ նա, ըստ էության, կասկածի տակ էր դրել Ղարաբաղի՝ հայկական տարածք լինելու փաստը։

Հնարավո՞ր է, որ Ղարաբաղն էլ անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը հարցին Հայաստանի ազգային հերոս Ռիժկովը պատասխանել էր.- «Նախևառաջ պետք է, ինչպես ասում են, հստակեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Եթե այն կլինի հայկական, ոչ թե նահանգ, այլ հայկական տարածք, ապա հարց չկա»։

Ռիժկովի այս հայտարարությունից պաշտպանության նախարարը եզրակացրել է՝ նա ոչ թե կասկածի տակ է դրել, այլ ցանկություն է հայտնել, որ Ղարաբաղը հայկական լինի։

«Կարծում եմ, Ռիժկովի խոսքի մեջ նշված է, որ ինքը ցանկություն ունի, որ այդ տարածքները լինեն հայկական»,- ասաց Օհանյանը։

Պաշտպանության, գիտության և կրթության նախարարներն ու ղարաբաղյան պատերազմի հերոս գեներալները մասնակցում էին «Երկրապահ կամավորականների միության» նախաձեռնությամբ հրատարակված ձեռնարկի շնորհանդեսին, որը նախատեսվում է կիրառել դպրոցներում՝ որպես ռազմահայրենասիրական միջոցառումների անցկացման ուղեցույց «Պատանի երկրապահ» ակումբներում։

Կառավարության աջակցությամբ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորած ԵԿՄ-ն արդեն այսպիսի 40 ակումբ է ստեղծել դպրոցներում։ Հաջորդ տարի նախատեսվում է նման ակումբներ բացել հանրապետության բոլոր դպրոցներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG