Ֆինանսների նախկին նախարարի կինը մայրության արձակուրդի մեկնելիս 20 միլիոն դրամ փոխհատուցում է ստացել․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հրապարակած այս տեղեկությունը չհերքեց ապագա մայրերի նպաստների կրճատում նախառձեռնած հիմնական կառույցի ղեկավար, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«Հրապարակ» օրաթերթը, ի դեպ, այսօր գրել է, որ խոսքը Տիգրան Սարգսյանի կառավարությունում Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սարգսյանի տիկնոջ՝ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզա Սարգսյանի մասին է։ Թերթը հարկատուների, քաղաքացիների գրպանից 20 միլիոն դրամ նախկին նախարարի տիկնոջը տալը թալանին համազոր շռայլություն էր որակել։
«Շատերն իրենց չեն կարող թույլ տալ, ասենք, լինել Ֆինանսների նախկին նախարար և իրենց կանանց դեկրետ ուղարկելուց տասնյակ միլիոնավոր դրամների գումար դուրս գրել», - ասաց Զոհրաբյանը։
Սոցապ նախարարը նախորդ օրերի նման վճռական չէր այսօր։ Օրենսդրական վերջին նախաձեռնությունը՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի փոփոխությունը, որով իշխանությունները մտադիր են կրճատել աշխատող մայրերի հղիության ու հետծննդյան արձակուրդի գումարները, նա ընդամենը որակեց առաջարկություն՝ ավելի լավ լուծումներ փնտրելու ճանապարհին։ Այնուհանդերձ նկատեց՝ նախաձեռնությունից ամբողջությամբ չեն հրաժարվի։
«Քննարկումների միջոցով գալ, դուրս գալ էն լուծումների վրա, որոնք որ որևէ կերպ չպիտի ազդի իսկապես աշխատող կանանց իրավունքների վրա», - ասաց Ասատրյանը։
Կառավարության երեկվա նիստում դիմելով Արտեմ Աստարյանին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարգադրեց գտնել այնպիսի լուծումներ, որոնցից որևէ աշխատող կին չի տուժի։
«Ազատություն».- Երկարամյա աշխատող հղի կինը ստանում էր իր 100 տոկոս աշխատավարձը։ Հիմա նույն ձևով կստանա՞, այդ երաշխիքը կա՞։
Արտեմ Ասատրյան.- Մենք նախագիծը վերջնական տեսքի ենք բերում, որը առաջիկա երկու, երեք օրվա ընթացքում կներկայացվի արդեն Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի քննարկմանը, և այդ շրջանակներում մենք վերջնական բոլոր հարցադրումներին կունենանք պատասխաններ։
«Ազատություն».- Դուք ասում եք, որ կինը իրավունքների ոտնահարում չի ունենա, կստանա 100 տոկոսը։
Արտեմ Ասատրյան.- Դուք ձեր մեկնաբանությունն ե՞ք ներկայացնում։
«Ազատություն».- Ոչ, ես տրամաբանությունն եմ ներկայացնում։
Արտեմ Ասատրյան.- Տրամաբանության հետ կարող եմ համաձայնել և համարել՝ տրամաբանական։
Նախարարը հույս հայտնեց, որ կկարողանան այնպես անել, որ խնդրի ճիշտ հանգուցալուծման համար առարկայական շահագրգռվածություն ունեցող անձինք բավարարված լինեն դրա վերջնական լուծումներով։
Հովիկ Աբրահամյանի երեկվա ելույթից ոգևորված Հանրապետական պատգամավորներն այսօր որոշել էին հղիների իրավունքների պաշտպան դառնալ։
Առաջամարտիկը նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն էր․ - «Արտոնություններ ենք տրամադրում բարիք ստեղծողին, ապրանք արտադրողին, ծառայություն մատուցողին, բայց կանայք ամենակարևորն են ստեղծում՝ մարդ են ստեղծում, և մենք իրավունք չունենք նրանց հոգսերի նկատմամբ լինենք անտարբեր»։
Այսօրվա քննարկումների ժամանակ ԲՀԿ - ՀՀԿ լեզվակռիվ էլ եղավ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը սոցապ նախարարին հարցեր ուղղեց 18.6 տոկոսի հասած գործազրկության, Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտների նվազման ու գնաճը ճնշելու մասին։
Արտեմ Ասատրյանին օգնության հասավ խորհրդարանի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը․ - «Դուք օգտագործում եք գնաճի գաղափարը։ Սոցապ նախարարը դրա հետ իրապես կապ չունի։ Հիմա, ինչ եմ խնդրում, ձեր հարցերը կարգավորեք միայն աշխատանքի սոցիալական հարցերի ոլորտով»։
Մելքումյանը հակադարձեց․ - «Ես խնդրում եմ, դուք էդպես շատ կուրծք ծեծելով էդպես շատ չոգևորվեք էս առումով: Հարցերը բխում են հարցերից։ Սոցապ նախարարը Կառավարության անդամ է, նա պետք է գնաճային ճնշումներից տեղյակ լինի, ինչպես մենք և Դուք»։
Տեղեկացնեմ, որ 2015 թվականի սոցիալական որակված բյուջեով Կառավարությունը նախատեսել է տարեսկզբից 5 հազար դրամով ավելացնել աշխատանքային կենսաթոշակը, տարվա կեսից՝ նվազագույն աշխատավարձը։