Մատչելիության հղումներ

Կարդինալ Ռավազին ներկայացրեց Գրիգոր Լուսավորչին նվիրված գիրքը


Armenia -- Cardinal Janfranko Ravazi in Echmiadzin. 27Oct., 2014
Armenia -- Cardinal Janfranko Ravazi in Echmiadzin. 27Oct., 2014

Երկրորդ անգամ Հայաստանում է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, ԵՊՀ-ի պատվավոր դոկտոր, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին:

Այսօր Երևանի պետական համալսարանում նա ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը հանդես եկավ բանախոսությամբ քրիստոնեական մտքի և մշակույթի մասին, ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ․ քրիստոնեական ընդհանուր ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի՝ իր հեղինակած կատալոգը և դրա հայերեն և ռուսերեն թարգմանությունները:

Փաստորեն սա կարդինալի հեղինակած պատկերազարդ գիրքն է Գրիգոր Լուսավորչի և նրա կյանքի մասին: Կարդինալն իրոք քաջատեղյակ է ոչ միայն մեր պատմությանը, այլև մեր դարերի խորքից եկող մշակույթին ու գրականությանը, որը, կարդինալի խոսքով՝ սկսվել է գրերի գյուտով և Աստվածաշնչի հայերեն թարգմանությամբ:

Ջանֆրանկո Ռավազին կոչ արեց պահպանել են հոգևոր և մշակութային արժեքները, որպեսզի պահպանենք հայրենիքն ու ինքնությունը: Նա մեջբերեց Օսիպ Մանդելշտամի խոսքերը Հայաստանի մասին՝ «գոչող քարերի երկիր», «հսկայական քարերի թագավորություն» արտահայտութունները դիտարկելով որպես աստվածաշնչյան:

«Եթե դուք լռեցնեք այս երեխաներին, ապա կխոսեն քարերը, ինչպես, օրինակ, խոսում են ձեր ողջ երկրում սփռված խաչքարերը, ավելին՝ բղավում են խաչքարերը ձեր պատմության մասին», - ասաց կարդինալը՝ շեշտելով․ - «Ձեր ձեռագրերը, ձեր եկեղեցիներն ու հուշարձանները ձեր պատմության վկաներն են»:

Իր խոսքը կարդինալն ամփոփեց Գրիգոր Նարեկացուց և «Հայոց մեծ ցեղասպանության ժամանակ զոհված մեծ բանաստեղծ» Դանիել Վարուժանից հրաշալի մեջբերումներով, և աղոթք կարդաց ողջ հայ ժողովրդի համար:

Հարցին, թե ինչպիսին է կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքը Եվրոպայում քրիստոնեական արժեքների ձևախեղման առնչությամբ, կարդինալն արձագանքեց, թե ինքը, որպես Վատիկանի մշակույթի հարցերով պատասխանատու, պարտավոր է պահպանել Եվրոպայի մշակութային արժքեները․ - «Ցավոք, մենք տեսնում ենք, թե հիմա ինչ է կատարվում․ Եվրոպայում եկեղեցիներն ավելի շատ որպես թանգարաններ են ծառայում, քան հոգևոր կենտրոններ: Այնինչ Եվրոպայի մայրենի լեզուն քրիստոնությունն է՝ իր ողջ մշակույթով, իր հսկայական ժառանգությամբ՝ գրականություն, ճարտարապետություն, գեղանկարչություն փիլիսոփայություն, երաժշտություն: Այս ամենը քրիստոնեական հսկայական ժառանգություն է Աստավածաշնչից եկող, բայց մենք այսօր ամեն օր խախտում ենք աստվածաշնչյան տասը պատվիրանները, առանց որոնց մենք չենք տարբերվի կենդանիներից»:

Կարդինալը դեռ պատասխան չուներ հարցին, թե արդյոք հաջորդ տարի Հռոմի պապը կայցելի Հայաստան՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Ասաց միայն, որ ցանկություն կա՝ հավելելով, որ կաթոլիկ եկեղեցին անպայման ուղերձ կհղի ողջ հայ ժողովրդին, և «սա պետք է հիշվի ոչ միայն որպես ողբերգություն, այլև ցեղասպանություն ինքնության դեմ»:

Կարդինալ Ռավազին այսօր այցելեց նաև Մայր աթոռ Սբ Էջմիածին և Գաֆեսճեան արվեստի թանգարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG