Մատչելիության հղումներ

Հրազդան գետի վարարումից տուժած բնակիչներին դեռ փոխհատուցում չի տրամադրվել


Բնապահպանների պնդմամբ՝ գետի վարարման պատճառը Սևանից կատարված մեծ քանակությամբ ջրառն է:

Մեկ ամիս առաջ Հրազդան գետի վարարումից տուժել էին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչները: Մինչև այսօր, սակայն, նրանց որևէ փոխհատուցում չի տրվել:

Տուժած բնակիչների թվում է նաև Լիլիթ Ստեփանյանը, ում տնամերձ հողատարածքը, ինչպես նաև տունը հեղեղը չէր շրջանցել: Ստեփանյանը պատմեց, որ մի քանի ժամվա ընթացքում ընտանիքը կորցրել է 7-8 հազար դոլարին համարժեք բերք: Ամբողջ տարվա չարչարանքը՝ կարտոֆիլը, կաղամբը, գազարն ու բազուկը այդպես էլ չհասցրեցին հավաքել:

«Մենք չենք էլ մտածում, որ որևէ փոխհատուցում կլինի, դեռ էդպիսի լուր-բան չկա: Ասեցին, որ համայնքապետարանը պատրաստվում է ինչ-ինչ փոխհատուցում անել, բայց ոչ թե բերքի քաշի՝ կիլոգրամի համար, այլ ըստ հողամասի մետր քառակուսու», - «Ազատությանը» փոխանցեց Ջրառատի բնակիչը:

Հրազդանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ հանձնաժողով են կազմել և դեռ ուսումնասիրում են հողատարածքներն ու պատճառված վնասները:

Տեղում իրենց ուսումնասիրություններն են սկսել նաև բնապահպանները: Վարարման միակ վարկածը, ըստ նրանց, Սևանից կատարված ջրառն է: Բնապահպան Արամ Գրիգորյանը նշում է, որ կասկածներ ունեն, որ Սևանից այս տարի նախատեսված 270 միլիոն խորանարդ մետրից ավելի շատ է բաց թողնվել, այն դեպքում, երբ հիմա նման քանակությամբ ջուր բաց թողնելու անհրաժեշտություն չկար, քանի որ ոռոգման սեզոնը, կարելի է ասել, ավարտվել է:

«Հրազդան-Սևան ջրառ» ընկերության տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, սակայն, նշում է, որ Ջրառատի հողատարածքների հեղեղման պատճառը Հրազդան գետի հունի աղտոտվածությունն էր: Հովհաննիսյանի խոսքով՝ այդ օրերին Սևանից ջրառը կազմել է 620 հազար խորանարդ մետր, ինչը չէր կարող նման հեղեղի պատճառ դառնալ:

«Ջուրը վերևից չէր լցվել, տակից էր ներծծվել, դրանք տարբեր բաներ են: Եթե ջուրը լցվեր տները վերևից, սելավի նման... Ընդունում եմ, մենք շատ ենք բաց թողել... Բայց տենց բան չի եղել, ջուրը տակից է ներծծվել: Այսինքն հունը մաքուր չի եղել, ջուրը լցվել, լիճ է առաջացել, ստորերկրյա ջրերի հորիզոնը բարձրացել է, ջուրը քաշել է իր նկուղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Փորձագետ Սեյրան Մինասյանի խոսքով՝ ոչ ոք իրականում չի կարող նշել, թե Սևանից որքան ջուր է բաց թողնվել, ինչպես է այն օգտագործվել, քանի որ հանրությանն այդ տեղեկատվությունը չի տրամադրվում:

«Չկա համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի հետևել ջրառին: Ես առաջարկել եմ, դա թանկ չէ, երկրի մասշտաբով նույնիսկ ծիծաղելի տեխնիկական խնդիր է: Սևանից դուրս եկող ջրի վրա պետք է դնել հաշվիչներ, ուղղակի առցանց ռեժիմով դա հաղորդվի, և երբ որ բացում ենք ցանկացած կայք, գրած է՝ ջերմաստիճանը՝ այսքան, խոնավությունը՝ այսքան, Սևանից ջրի հոսքի մեծությունը նույնպես լինի, որովհետև Սևանը ունի կենսական նշանակությունը մեր երկրի համար: Հատկապես, եթե պահելու բան չունեն, ինչո՞ւ չեն անում»,- նշեց նա:

Սևանի նման անխնա օգտագործումը, ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի, ի վերջո հանգեցնելու է լճի ճահճացմանը՝ բնության վրա բազմաթիվ բացասական հետևանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG