Պոլսահայ գրող, լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, փոխանցում է Ermenihaber.am կայքը:
Մահչուփյանը սյունակ էր վարում թուրքական «Զաման» թերթում, այնուհետև տեղափոխվել է իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերական:
Մահչուփյանը անդամակցում է քրդական հարցի կարգավորման առաջարկների մշակման համար 2013-ին ստեղծված «Իմաստունների խորհրդին», որում ընդգրկված են ոչ կառավարական կազմակերպությունների., գիտական ու լրագրողական շրջանակների ավելի քան վեց տասնյակ ներկայացուցիչներ:
Թուրքիայի իշխանամետ լրատվամիջոցներից «Սաբահ»-ը գրել է, թե նախկին վարչապետ Ռեջեփ Էրդողանի` հայությանը հղած ցավակցական ուղերձից հետո Դավութօղլուի խորհրդականի պաշտոնում ազգությամբ հայի նշանակումը կարևոր քայլ է Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգացնելու համար:
Ըստ «Սաբահ»-ի` Մահչուփյանն այդ պաշտոնում աշխատելու առաջարկը ստացել է անձամբ վարչապետից: Օրերս «Իմաստունների խորհրդի» հերթական ժողովի ավարտին Դավութօղլուն հանդիպել է Մահչուփյանի հետ և նրան առաջարկել զբաղեցնել իր գլխավոր խորհրդականի պաշտոնը: Մահչուփյանն ընդունել է առաջարկը:
Դավութօղլուն կարևորել է Մահչուփյանի ներդրումը Թուրքիայի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության ձևավորման, պետական ու հանրային թեմաներում կառուցողականության դրսևորման գործում:
Նշվում է նաև, որ Մահչուփյանը դերակատարում կունենա հայկական հարցի կարգավորման մեջ, մանավանդ որ Հրանտ Դինքի սպանությունից հետո «Ագոս» թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելիս արդեն ձեռք էր բերել հանրային լայն ճանաչում:
Էթյեն Մահչուփյանը ծնվել է 1968 թվականին: Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի Բողազիչի համալսարանի քիմիայի ֆակլուտետում, այնուհետև Անկարայի համալսարանում մասնագիտացել է միջազգային տնտեսագիտության ոլորտում և 1977-1980 թվականներին դասավանդել նույն համալսարանում: 1980-1996 թվականներին զբաղվել է գործարարությամբ` ղեկավարելով մի շարք մասնավոր կազմակերպություններ: