ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունն ու Հայաստանի առողջապահության նախարարությունը հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում են սեռով պայմանավորված աբորտների անթույլատրելիության վրա:
Հենց այս հորդորի շրջանակներում էլ այսօր Առողջապահության ազգային ինստիտուտում ներկայացվեց «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որտեղ ցուցադրված են համանուն ֆլեշմոբին մասնակցած հայրերի և դուստրերի լուսանկարները:
Ֆլեշմոբի նմախաձեռնողներից Արամազդ Ղալամքարյանն ունի 1 դուստր և 3 որդի: Նրա խոսքով, այս ցուցահանդեսը և առհասարակ նախաձեռնությունը ցույց տվեց, որ հանրության շրջանում խնդիրն իրոք հասունացել է և շատերի համար այն արտահայտվելու հնարավորություն է: Բազմազավակ հոր համոզմամբ, պտղի սեռը ոչ մի դեպքում չպետք է հղիության արհեստական ընդհատման պատճառ դառնա:
Աշխարհում ծնունդների սեռային բնականոն հարաբերակցությունը համարվում է 102-106 տղա՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների դիմաց: Մինչդեռ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտության համաձայն, Հայաստանում այս թիվն էականորեն խախտվել է: 2013 թվականին, օրինակ, այս հարաբերակցությունն ունեցել է 114 տղա, 100 աղջիկ տեսքը, ինչը, ըստ մասնագետների, լուրջ ժողովրդագրական սպառնալիք է :
Այս մոտեցման պատճառով տարեկան 1000-1500 աղջիկ չի ծնվում: Վիճակը շտկելու համար ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի կարծիքով, պետք է աշխատել 3 ուղղություններով՝ օրենսդրական փոփոխություններ, ինքնագիտակցության բարձրացում և ընտանիքների աջակցության սոցիալակն փաթեթի առկայություն:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշում է, որ նախարարության նպատակը սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պարզապես օրենքով արգելելն է։ Մշակվում է «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի նոր փաթեթ:
«Նաև մի շարք գործողություններ կան․․․ օրինակ, արհեստական ընդհատման դիմելուց մինչև իրականացումը որոշակի ժամանակահատված պետք է հատկացնել, որպեսզի ևս մեկ անգամ ժամանակ տալ մայրերին մտածելու, վերջնական որոշում կայացնելու համար: Իրականում խնդիրը շատ ավելի լայն է․ ինքը հասարակական, սոցիալական բնույթ ունեցող խնդիր է, և այստեղ հենց այդ ուղղություններով շատ մեծ միջոցառումներ իրականացնելու կարիք կա»:
Արամազդ Ղալամքարյանի համոզմամբ, սակայն, հնարավոր չէ արգելքով որևէ դրական արդյունքի հասնել․ - «Երբ որ մենք սահմանափակում ենք, արգելում ենք ինչ-որ բան, մարդիկ գտնում են խուսանավելու տարբերակը, օրենքը շրջանցելու տարբերակը»: