Մատչելիության հղումներ

Քոբանին որպես թուրք-քրդական խաղաղության գործընթացի բանալի


Այսօր, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Սիրիայի Քոբանի քաղաքի վրա, ուր հուլիսից տեղի քրդերը մարտեր են մղում ընդդեմ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման, փորձագետներն ու վերլուծաբանները փորձում են պատասխանել այն հարցին, թե այս ամենն ավարտվելուց հետո ինչ է սպասում Թուրքիային, մասնավորապես՝ ինչպես կշարունակվի թուրք - քրդական հրադադարը, երբ Թուրքիան որևէ կերպ չփորձեց աջակցել անմիջապես իր սահմանի վրա գտնվող այս քաղաքի քրդական ջոկատներին։

Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի Թուրքական հարցերով հաստատության կողմից հրավիրված քննարկումները հետաքրքիր էին այն պատճառով, որ բացի թուրք փորձագետից, հրավիրված էին նաև քրդական հարցերով մասնագետ, «Բոստոն Գլոբ»-ի միջազգային հարցերով նախկին թղթակից Ալիզա Մարքուսը և Թուրքիայում փոքրամասնությունների շահերը պաշտպանող քրդամետ Ժողովրդական ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ, Քրդական երիտասարդական ընկերակցության հիմնադիր Մեհմեթ Յուքսելը։

Թուրք-ամերիկյան հարաբերությունների հետազոտությամբ զբաղվող ՍԵԹԱ հիմնադրամի հետազոտությունների հարցերով տնօրեն Քադիր Ուսթունի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները լավ գիտեն, որ խաղաղության գործընթացը Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK) զինաթափելու մեջ չէ, այլ՝ ընդգրկուն սոցիալական ծրագրեր մշակելու։

«Գործընթացի վրա բացասաբար են ազդել արտաքին գործոնները, այդ թվում՝ Սիրիայում ու Իրաքում զարգացող իրադարձությունները, որոնց ընթացքում Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից սկսել են հնչել սպառնալիքներ ընդդեմ Թուրքիայի իշխանությունների, հատկապես այն պատճառով, որ Թուրքիան դեմ է արտահայտվել Սիրիայի որոշ հատվածներում քրդական ինքնավար մարզ հաստատելու մտադրությանը և «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության առաջարկին։ Իսկ Քոբանիում Թուրքիան չի միջամտում, քանի որ այստեղ չկա միջազգային դաշինք, ու Թուրքիան չի ուզում հանդես գալ միակողմանի քայլերով», - ասել է Ուսթունը։

Թուրք փորձագետի խոսքով՝ Քոբանին կարող է դառնալ թուրք - քրդական խաղաղության գործընթացի բանալին։

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և անկախության համար քրդական պայքարը» խորագրով գրքի հեղինակ Ալիզա Մարքուսը, ներկայացնելով քրդական կուսակցությունների մասին մի կարճ ակնարկ ու դատապարտելով քրդերի դեմ Թուրքիայի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, հայտարարեց, որ եթե Քոբանին պարտվի, բռնությունների անկառավարելի ալիքն անխուսափելի կդառնա Եվրոպայում։

«Թուրքիան սիրում է խաղաղություն, սակայն չի սիրում խաղաղության գործընթացը։ Նախագահ Էրդողանը պիտի օգնի, որ այն շարունակվի», - ասաց նա՝ եզրակացնելով, որ «Թուրքիայում մի օր հաստատվելու է քրդական ինքնավարություն, պարզապես հարցն այն է, թե քրդերը դրան հասնելու են Թուրքիայի հե՞տ, թե՞ առանց Թուրքիայի»։

Քուրդ փորձագետ, Վաշինգտոնում քրդամետ Ժողովրդական ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ, Եվրոպայում ժողովրդավարության ու մարդու իրավունքների շարժման գործուն մասնակից Մեհմեթ Յուքսելի խոսքով՝ Թուրքիայի սխալը մեծ խոստումներ տալու և փոքր քայլեր իրականացնելու մեջ է։ Եթե Թուրքիայում շարունակվի այն մտածելակերպը, թե «Իսլամական պետություն» խմբավորումն ավելի լավ է, քան քրդերը, խաղաղության գործընթացը Թուրքիայի ու քրդերի միջև չի շարունակվի։

«Խաղաղության գործընթացի վրա բացասաբար է ազդում այն փաստը, որ Աբդուլա Օջալանը շարունակում է մնալ բանտում, չնայած նա կարող էր դրական մեծ դեր խաղալ քրդական տարբեր խմբավորումների խաղաղության ծրագրի շուրջ համախմբելու գործում», - ասաց Յուքսելը:

Քուրդ քաղաքական գործչի կարծիքով՝ Թուրքիայի դեմ քրդերի ատելությունը խորանում է, երբ կրակ է արձակվում քուրդ խաղաղ ցուցարարների դեմ։

«Արդյո՞ք 48 ցուցարար սպանելուց հետո միայն Թուրքիան պիտի թույլ տար քրդերին անցնել սահմանը՝ Քոբանիի իրենց հայրենակիցներին օգնելու համար», - հռետորական հարց ուղղեց Մեհմեթ Յուքսելը։

«Նախագահ Էրդողանը պիտի փոխի Սիրիայի քրդերի դեմ իր քաղաքականությունը, որպեսզի կարողանա շարունակել Թուրքիայի քրդերի հետ խաղաղության գործընթացը։ Այլապես տուժելու են ոչ միայն Թուրքիայի կառավարությունն ու Էրդողանը, այլև ամբողջ Թուրքիայի հասարակությունը։ Չպետք է թույլ տալ, որ Թուրքիան վերածվի Սիրիայի կամ Իրաքի։ Իսկ եթե շարունակվի Քոբանիի օրինակով քրդերի դեմ իրականացվող քաղաքականությունը, դա անպայման տեղի կունենա», - հայտարարեց քուրդ քաղաքական գործիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG