Նախագահ Բարաք Օբաման էբոլայի հարցերով պատասխանատու է նշանակել Ռոն Քլեյնին։ Նրա օրակարգը կներառի ոչ միայն էբոլայի վիրուսի տարածումը կասեցնելու գործը, այլև քաղաքական վնասների կասեցումը։
Ամերիկյան հողի վրա էբոլայի երեք դեպքերը նշանակալից վնաս են պատճառել նաև նախագահ Օբամայի վարչակազմին և Դեմոկրատական կուսակցությանը։
Էբոլայի մեկ մահացու դեպքը և երկու վարակվածների հայտնաբերումը թվային առումով մեծ չէ։ Սակայն դրանք քաղաքական փոթորիկ են առաջացրել, հատկապես այժմ՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ։ Ժամանակի առումով այս դեպքերը նախագահ Օբամայի և դեմոկրատական կուսակցության համար վատթարագույնն են։
Ռոն Քլեյնի ընտրությունը հարց է բարձրացրել այն մասին, թե ինչու է նախագահը այդ պաշտոնը առաջարկել ընտրարշավային հարցերով իրավաբանի, այլ ոչ թե առողջապահության մասնագետի։
Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեստի համաձայն, նախագահը որոնել է դաշնային կառավարության փորձառություն ունեցող պաշտոնյայի։
Ի սկզբանե նախագահը համոզված էր, որ Միացյալ Նահանգներին էբոլայի լուրջ համաճարակի վտանգ չի սպառնում։
Սակայն Էբոլայի դեպքերը Միացյալ նահանգներում հարցեր էին բարձրացրել նախագահ Օբամայի վարչակազմի իրավազորության մասին։
Ամերիկյան առողջապահության ծրագրի հաստատությունից Թեվի Թրոյի կարծիքով, Սպիտակ տունը համոզված է, որ Ռոն Քլեյնին կհաջողվի վերացնել էբոլայի տարածման մասին հանրության մտահոգությունները։
«Ամերիկյան ժողովուրդը այնքան էլ տեղյակ չէ Էբոլայի վտանգի մանրամասների մասին, սակայն հանրային կապերի հետ կապված խնդիրներ է տեսնում»,- ասել է Թրոյը։
Հանրապետականները նախագահին մեղադրել են ամերիկյան ժողովրդին պաշտպանելու գործում թերանալու մեջ։ Նրանք շեշտում են ճամփորդական արգելքը մերժելու նախագահի որոշումը։
Օբամայի վարչակազմը այդ քննադատությանը պատասխանել է նոր միջոցներ հայտարարելով, ըստ որոնց, էբոլայով վարակված երկրներից ժամանած ուղևորները Միացյալ Նահանգներ կարող են մուտք գործել միայն հատուկ օդանավակայաններից, որոնք օժտված են էբոլայի հայտնաբերման հատուկ միջոցներով։