Եթե երկրում ստեղծված կառավարման ճգնաժամի հարցը քննարկման առարկա չի դառնում խորհրդարանում, ուրեմն կքննարկվի Ազատության հրապարակում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց եռյակի անդամ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։
Թեև «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության» և ՀԱԿ-ի 45 պատգամավորների ստորագրությամբ կառավարման ճգնաժամին վերաբերող հայտարարությունը մտավ քառօրյայի օրակարգ, սակայն այդպես էլ քննարկման առարկա չդարձավ։ Իշխող մեծամասնությունն անցած օրերին քննարկման դրեց հրատապ ճանաչված այլ օրինագծեր՝ քննարկումից դուրս թողնելով եռյակի հայտարարությունը։
Երեկ այս հարցին անդրադարձավ նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հայտարարելով, թե որևէ ճգնաժամ էլ երկրում չկա, իսկ իշխանափոխության համար էլ որևէ հիմք չեն տեսնում:
«Հո ասելով չէ, պետք է հիմքեր լինեն, ես որևէ կառավարման ճգնաժամ չեմ տեսնում, հակառակը՝ տեսնում եմ, որ կառավարությունը ակտիվ աշխատում է և պետք է էլ ավելի ակտիվ, արդյունավետ աշխատի։ Ոչ մեկը չի կարող նախագահին փոխել», - ասաց վարչապետը։
Մինչ վարչապետը վստահեցնում է, թե երկրում որևէ ճգնաժամ չկա, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հորդորում է իշխանությանը ինքնասիրահարվածի նման ոչինչ չնկատելու փոխարեն մի փոքր ադեկվատություն ցուցաբերել:
«Այդ գնահատականների փոխարեն ես խորհուրդ կտամ իշխանությանը ադեկվատ լինել, համարժեք լինել այս իրավիճակին, ոչ թե ինքնասիրարվածի նման ասեն, որ մեզ ոչ ոք չի կարող փոխել, այսօր ճգնաժամ չկա և այլն... թող գետնի վրա իջնեն և տեսնեն, թե ինչ է կատարվում պետության մեջ։ Չկա ոլորտ, որտեղ կոռուպցիա չլինի, 42 տոկոս աղքատություն ունենք, որից 16 տոկոսը չքավոր են։ Ի՞նչ անուն տալ այդ կառավարությանը։ Իհարկե, կառավարման ճգնաժամ է»,- ասաց Հակոբյանը։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փոխանցմամբ՝ այսօր կառավարությունը չի կարողանում լուծել իր առջև դրված որևէ խնդիր, և պատճառն այն է, որ կառավարությունը խորհրդարանի հետ միասին պարզապես հաշվետու չէ ժողովրդին։ Նրանք վաղուց են քաղաքացիների ձայնը գնել և հիմա անում են այն, ինչ ուզում են, ասում է պատգամավորը։
«Եթե տարեկան 51 հազար մարդ լքում է Հայաստանը, բայց աղքատության ցուցանիշը չի պակասում, սա ի՞նչ է նշանակում։ Այսինքն 51 հազար մարդ գնում է, բայց էլի աղքատների թիվը չի պակասում։ Որևէ խնդիր լուծե՞լ են, արդյունաքամ է լինում մեր երկիրը»,- ասաց Ջհանգիրյանը։
Այն , որ իշխող մեծամասնությունը, Ազգային ժողովի նախագահի հետ միասին ամեն կերպ եռյակի նախաձեռնությունը դուրս թողեց քննարկումից, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ՝ ցույց է տալիս, որ իշխանությունները անհանգստացած են։
«Ուզում եմ հիշեցնել, որ հոկտեմբերի 24-ին հանրահավաք է նշանակված և իրենք, բնականաբար, փորձում եմ ամեն կերպ խոչընդոտել այդ քննարկումը, որպեսզի հանրահավաքից առաջ նման լուրջ հարցերի շուրջ այստեղ քննարկում չծավալվի, և ժողովուրդը չլսի այն ճշմարտությունը, որը այսպես, թե այնպես բոլորը գիտեն։ Չի քննարկվի այստեղ, ուրեմն կքննարկվի Ազատության հրապարակում»,- ասաց Սարգսյանը։