Կանադայի խորհրդարանում կրակոցներ են հնչել: Վերջին տեղեկություններով հարձակվողը սպանված է:
Օտտավայից ստացած հաղորդագրությունների համաձայն՝ կրակոցներ են լսվել շենքի ներսի սրահներից, ինչպես նաև դրսում:
Մոտավորապես 40 րոպե առաջ Associated Press-ը հաղորդեց, որ ըստ ոստիկանության՝ խորհրդարանի մոտ գտնվող պատերազմի ազգային հուշահամալիրում կրակ է բացվել ենթադրաբար Կանադայի բանակի զինվորի վրա: Վերջինս վիրավորվել է:
Ականատեսների փոխանցմամբ՝ կրակողը վազել է դեպի խորհրդարանի շենքը: Կրակոցների մասին ոստիկանությունը ահազանգ է ստացել տեղական ժամանակով առավոտյան 9։52-ին: Ոստիկանությունը անմիջապես շրջափակել է տարածքը: Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը անվնաս լքել է շենքը։ Կանադայի ոստիկանների կողմից հետապնդվող կասկածյալը, ըստ ականատեսների, գնացել է դեպի խորհրդարանի շենքի կենտրոնական մասը։ Ականատեսներն ասել են, որ 30-50 կրակոցներ են լսվել:
Մոտավորապես 20 րոպե առաջ պատգամավորներ Բեռնարդ Թրոթիյեն և Բոբ Զիմերը հայտնել են, որ հարձակվողը սպանվել է:
Երկու օր առաջ Քվեբեկում իսլամիստ ջիհադիստնների համակիրներից մեկը հարձակվել էր կանադացի երկու զինծառայողի վրա՝ սպանելով նրանցից մեկին: