Մատչելիության հղումներ

Ճարտարագիտական համալսարանի աշխատակիցներն ահազանգում են ճնշումների մասին


Ճարտարագիտական համալսարանի աշխատակիցներն ահազանգում են ճնշումների մասին
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության 12 աշխատակիցներ դիմել են ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին՝ խնդրելով վերջ դնել իրենց նկատմամբ իրականացվող ճնշումներին և, իրենց բնորոշմամբ, իրենց աշխատասենյակներում իրականացվող չարտոնված խուզարկումներին:

Համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը ասում է, որ մոտ մեկ ամիս առաջ նշանակված աշխատակազմի ղեկավարը, ով երկար տարիներ իրավապահ մարմիններում է աշխատել, ամեն կերպ փորձում է ճնշել տեղեկատվական ոլորտի աշխատակիցներին։

«Ռեկտորի կանաչ լույսի ներքո, աշխատակազմի ղեկավարը ինստիտուտում ծավալում է գործունեություն, մասնավորապես, իմ ստորաբաժանման բնականոն աշխատանքին սպառնում է, բայց, որ ամենակարևորն է, սպառնում է նաև արդեն մարդկանց անձնական անվտանգությանը։ Եթե հանկարծ էդ մարդն իմ սենյակ մտած լինի, այնտեղ մի բան թողած լինի և հետո 15 օր հետո գա ասի, էս քոնն է, ես դրանից պաշտպանված չեմ։ Էդ մարդը գիշերով մտնում է իմ աշխատասենյակ առանց ինձ, դա շատ լուրջ պրոբլեմ է։ Եթե նույնիսկ դատարանի թուղթ կա, որ պիտի խուզարկեն քո սենյակը, դու պիտի ներկա գտնվես էդտեղ», - ասաց Խոյեցյանը։

Ճարտարագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ թե խուզարկել է, այլ գիշերային ժամերին ռեկտորի հանձնարարականով ստուգայցեր է իրականացրել, քանի որ վերջին մեկ ամսվա ընթացքում տարօրինակ կերպով 30-50 տոկոսով աճել են բուհի կոմունալ ծախսերը՝ կուտակված ջրի, էլեկտրաէներգիայի, հեռախոսի օգտագործման դիմաց: Դա, ըստ Զատիկյանի, աշխատակիցների անփույթ վերաբերմունքի արդյունք է:

«Որևիցե մեկը չի կարող ասել՝ սա իմ սեփական կաբինետն է, սեփական դուռս պետք է փակ լինի։ Մենք սեփականություն մուտք գործելու օրենքի մասին չենք խոսում, սա պետական շենքի տարածքն է։ Էդ ցերեկային այցելությունները, որ մենք նաև հանեցինք, կատարել ենք գիշերները. հայտնաբերել եմ լիֆտի խափանված աշխատանքը, հայտնաբերել եմ ջրի ծորակների բաց վիճակը, ամբողջ գիշեր ջուրը ծորացել է զուգարանում, հայտնաբերել եմ, նույն պարոն Խոյեցյանի մոտ, միացրած կոմպյուտերներն ու լույսերը», - ասաց Զատիկյանը։

Նրա խոսքով, աշխատակիցները անկանոն են հաճախում աշխատանքի, տեղում չեն լինում, երբ անհրաժեշտ է, չեն կատարում իրենց տրված հանձնարարությունները, ինչի համար էլ կարգապահական տույժի են ենթարկվել:

«Դա իրենց դուր չի գալիս, իրենք սովոր են ազատամտորեն, երբ ցանկանան գան, երբ ցանկանան գնան, ոչ մեկին հաշվետվություն չներկայացնեն կատարված աշխատանքի համար, և տրված հանձնարարությունները, եթե լիներ նախկինում էնպես, որ տրված հանձնարարությունները կատարվում են, ճիշտն ասած, աչքերներս կարելի էր փակել՝ մարդկայնորեն», - ասաց Ճարտարագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավարը։

Համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետը, սակայն նշում է, որ իրենց վարչության աշխատակիցները նվիրյալներ են, ովքեր նույնիսկ գիշերներն են աշխատում, որպեսզի կարողանան սպասարկել բուհի 1500-ից ավելի համակարգիչները:

Նա ասում է, որ ճարտարագիտական համալսարանը հանրապետության ամենախոշոր լոկալ ցանց ունեցող հիմնարկներից է, որի աշխատակիցներից շատերը, սակայն, նվազագույնից էլ ցածր աշխատավարձ են ստանում:

«Այսօր մարդ ունեմ, որը 30 հազար դրամ է ստանում մեր մոտից, ուրիշ տեղ էնքան աշխատավարձ է ստանում, որ Պոլիտեխնիկում աշխատելու պատճառով 39 հազար դրամ կենսաթոշակ է մուծում։ Էդ մարդն 9 հազար դրամ վնասով Պոլիտեխնիկ է գալիս աշխատում», - փոխանցեց Խոյեցյանը։

Նույն վարչության պետի տեղակալ Վահե Կիրակոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ամբողջ համալսարանում միայն իրենք են բարձրաձայնում խնդիրների, լարված մթնոլորտի մասին, քանի որ չեն վախենում կորցնել աշխատանքը: Նույն վարչությունում աշխատող մասնագետները մեծ պահանջարկ և աշխատանք ունեն նաև մասնավոր ոլորտում:

Կիրակոսյանը կարծում է, որ ռեկտորն ու աշխատակազմի ղեկավարը պարզապես ուզում են ազատել իրենց աշխատանքից և ընդունել, այսպես ասած, իրենց մարդկանց:

«Ես արդեն էդ մտքին եմ. չկա մի մարդ, որ օրվա մեջ բարևեմ, ոնց ես, հարցը տամ, հաջորդ հարցն ինքը չասի, երբ պետք է պրծնենք էս ամեն ինչից», - ասաց Կիրակոսյանը։

Ճարտարագիտականի աշխատակից Վլադիմիր Խոեցյանը տեղեկացրեց, որ այս խնդրի վերաբերյալ դիմում է ներկայացրել նաև կրթության և գիտության նախարարին, իսկ խուզարկումների վերաբերյալ՝ դատախազություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG