Մատչելիության հղումներ

Լեզվակռիվ խորհրդարանում Փաշինյանի և Այվազյանի միջև


Լեզվակռիվ խորհրդարանում Փաշինյանի և Այվազյանի միջև
please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00

Այսօր Ազգային ժողովում սահմանամերձ գյուղական համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին օրենքի նախագծի քննարկումը սուր լեզվակռվի վերածվեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և հանրապետական Վարդան Այվազյանի միջև:

Անմասն չմնաց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ օրինագծով նախատեսվում է սահմանամերձ գյուղական համայնքներին ազատել մի շարք հարկատեսակներից, որը, ընդհանուր առմամբ, կազմում է 2.5 միլիարդ դրամ: Թե կոնկրետ ո՞ր համայնքներն են օգտվելու արտոնություններից, դեռևս պարզ չէ:

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ հանրապետական Այվազյանը հայտարարեց, թե Կառավարությունը, փաստորեն, նախընտրում է սահմանամերձ համայնքների հարկային բեռը թեթևացնել, քան թե բյուջեում մի քանի միլիարդով ավելի շատ գումար հավաքել:

Մինչդեռ Փաշինյանը հակադարձեց՝ ներկայացվող օրենքի 90 տոկոսը որևէ կապ չունի սահմանամերձ գյուղերի հետ, և հոսանքի վարձը վճարել չկարողացող գյուղի բնակիչը որևէ օգուտ այս օրենքից չի ունենալու:

«Հետո, որ ասում եք էդ տատիկները վարսավիրանոց են գնում․․․ Նախ՝ սահմանամերձ գյուղերում տատիկները, պապիկները կամ մազ չեն կտրում, կամ իրար մազ են կտրում, դրանով լուծվում ա: Իսկ հոսանքի, ջրի, գազի փող ամեն օր են տալիս», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Էդ մկրատը, ով որ ծախում ա, որ էդ տատիկները, պապիկները մյուսի մազերը կտրի, այ էդ ծախելու հետ կապված լրացուցիչ գումարի չափն էլ ա ազատում», - նշեց Վարդան Այվազյանը:

«Էդ տատիկ-պապիկների մասին որ էդքան մտածող լինեիք, 25 տարի էդ տատիկ-պապիկներին չէիք թալանի, բոլորդ միլիոնատերեր դառնայիք: Եկել եք, տատիկ-պապիկներին մտածող եք դարձել, որ իրենք հաց առնեն: Էդ տատիկ-պապիկները 100 հազար դրամներով նիսյաներ ունեն խանութներում, փողը տվեք էդ մարդկանց, թող գնան նիսյաները փակեն, ոչ թե տանեք ձեր օբյեկտները՝ հիմա հարկային արտոնությունների տակ՝ սահմանամերձ գոտիներով էլի ձեր միլիարդները կրկնապատկեք», - վրդովվեց Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորի այս ելույթին Վարդան Այվազյանն արձագանքեց. - «Էդ սահմանամերձ տարածքներում ինչքան օբյեկտ ունեմ քեզ եմ տալիս, էդ ում մասին որ տենց... Հանգստացի: Իսկ քեզի... Էս դու խի անհանգստացա՞ր (դիմելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին): Լավ չի կարա անի, դու չես կարա լավ անես, ուր մնաց էդ քո կողքի նստածը: «Դու»-ն դու ես, այ տղա»:

«Դու»-ն դու ես, այ տղա», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

«Տո իմ շեֆերին... Դու շատ պստիկ ես, որ իմ շեֆերին դու հասնես, կարենաս շեֆերիս հասնես: Պապաներդ պտի ասեն էտի քեզի, ով որ հատուկ կանկրետնի զադանյա են տալիս, քո պապաները պտի ասեն քեզի, որ ոնց խոսաս, արա, եղա՞վ», - ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահը:

«Եղավ էլ, երեք բան էլ ավել», - պատասխանեց ընդդիմադիր պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանելուց հետո, արդեն նիստի ավարտին Վարդան Այվազյանը վեճը շարունակեց Զարուհի Փոստանջյանի հետ: Այս դեպքում, ըստ Փոստանջյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Այվազյանը վիրավորական արտահայտություններ է արել իր հասցեին: Պատգամավորի փոխանցմամբ՝ կոնկրետ հնչող իրենց փաստարկներին Հանրապետականը, այլևս չկարողանալով հակադարձել, դիմում է անձնական վիրավորանքների:

«Պնդում էր, որ ես այստեղ չպետք է լինեմ և նույնիսկ շատ տգեղ գռեհիկ արտահայտություններ էր անում, որը ստացավ համարժեք պատասխան: Ուղղակի պետք է հակահիգիենիկ այս միջավայրը հատուկ քիմիական նյութերով մաքրել, որպեսզի նաև ախտահանենք, այս ախտը այստեղից հանենք», - մեկնաբանելով այսօրվա միջադեպը՝ ասաց Փոստանջյանը:

Ավելի ուշ ելույթ ունենալով՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Կառավարությունը «Սահմանամերձ գյուղական համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին» օրենքի նախագծով, փաստորեն, կրկին խաբեց սահմանին ապրող բնակիչներին, քանի որ օգնություն ստանալու է ոչ թե կրակոցներից տուժած գյուղացին, ով տանիքը վերանորոգելու, կամ առողջության հետ կապված խնդիր ունի, այլ իբրև թե այդ շրջանում բիզնես գործունեություն իրականացնողը: Սա այն դեպքում, երբ Կառավարությունն այդպես էլ հստակ չի ասում, թե քանի՞ գյուղական համայնքի է պատրաստվում արտոնություն տալ, և թե այդ համայնքներում քանի՞ ձեռնարկատեր է գործում:

«Այս օրենքով, որղղակի այդ աջակցությունը, ըստ էության, չի տրվելու: Այս օրենքով դուք նորից մուծելու եք այնպես, ինչպես Երևանի բնակիչն է մուծում՝ էլեկտրաէներգիայի, ջրի վարձը, գույքահարկը և հողի հարկը: Հետևաբար, Կառավարության կողմից ձեզ տրված խոստումը իրականությանը չի համապատասխանում, փաստորեն կրկին ձեզ ստեցին, խաբեցին», - ընդգծեց Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ ամռանը սահմանային լարվածությունից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մի խումբ պատգամավորներ այցելեցին Տավուշի մարզ: Այդ այցից հետո նրանք հայտարարեցին, թե Կառավարությանը առաջարկների փաթեթ են ներկայացնելու, որի արդյունքում սահմանամերձ գյուղերի բնակիչները կազատվեն կոմունալ, ոռոգման ջրի վճարներից, կլուծվի ճանապարհների, բուժկետերի բարեկարգման խնդիրը:

Հանրապետական խմբակացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, թե «սահմանամերձ գյուղերում ապրողները մարտիկներ են․․․ զինվորներ, և նրանց պետք է լուրջ արտոնություններ տալ»: Սակայն արդյունքում, ըստ ընդդիմադիրների, հանրապետականն այսօր պաշտպանում է մի օրենքի նախագիծ, որը տեղի բնակչության համար որևէ սոցիալական հարց չի լուծում: Սահմանամերձ գյուղի բնակիչը ինչպես որ ապրում էր ծանր վիճակում, այդպես էլ կշարունակի ապրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG