Մատչելիության հղումներ

Յուրաքանչյուր 14-րդ կինը կրծքագեղձի քաղցկեղ ունի


Յուրաքանչյուր 14-րդ կինը կրծքագեղձի քաղցկեղ ունի
please wait

No media source currently available

0:00 0:03:06 0:00

Ընթացիկ հոկտեմբերն ամբողջ աշխարհում հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում տարբեր երկրներում իրազեկման ակցիաներ են անցկացվում:

Այսօր կրծքագեղձի քաղցկեղը համարվում է կանանց շրջանում ամենատարածված հիվանդությունը:

40-ամյա էմմա Հարությունյանը բժշկի է դիմել միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն բավական բարդացած է եղել: Հարությունյանն ասում է, որ այժմ պայքարում է որպեսզի հաղթահարի հիվանդությունը:

«Կրծքերիս մեջ գոյացություններ նկատեցի, կոպիտ մեծ... Պետք է անպայման հետևենք, մենք մայր ենք, անհրաժեշտ ենք մեր բալիկներին, մեր ամուսնուն, ո՞նց կլինի...», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, նման տխուր վիճակագրություն է առկա՝ յուրաքանչյուր 14-րդ կինը ունի կրծքագեղձի քաղցկեղ: Ըստ Հակոբյանի, 15 տարվա ընթացքում իրենց կենտրունում հետազոտված 200 հազար այցելուներից 9 հազարի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, սակայն հնարավոր է եղել փրկել միայն 4 հազարի կյանքը:

«Հիմա թիվը մի փոքր փոխվել է՝ ավելի է շատացել, մենք դա մեկնաբանում ենք հաճախելիության մեծացմամբ: Այսինքն, եթե մարդն իր տանը նստած է, բժիշկը չգիտի, որ ինքը քաղցկեղ ունի, բայց, եթե մարդիկ սկսում են ավելի շատ հաճախել, բժշկի դիմել, բնականաբար, մեր վիճակագրությունը փոխվում է», - ասաց կենտրոնի գործադիր տնօրենը։

Քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը, ըստ Հակոբյանի, ժառանգականությունն է, սակայն վատ սովորույթները, էկոլոգիան, սթրեսները ևս մեծ ազդեցություն ունեն:

Հայաստանում թվային սարքերով, մամոգրաֆներով հետազոտությունը վճարովի է՝ մոտ 10 հազար դրամ, ինչն էլ բազմաթիվ ընտանիքների համար հետազոտվելու խոչընդոտ է դառնում. շատերը չեն կարողանում տարվա մեջ գոն մեկ անգամ այդ գումարը տրամադրել իրենց առողջությանը:

«Որպեզի կինը առողջ լինի, նա պարտավոր է տարին մեկ անգամ պարտադիր հետազոտություն անցնել, և այդ տարին մեկ անգամի արդյունքում բժիշկը կարողանում է հայտնաբերել քաղցկեղը զարգացման վաղ փուլում։ Կրծքագեղձի քաղցկեղը մի տեսակ ունի նաև իր դրական կողմը՝ ինքը զարգանում է շատ դանդաղ, շատ երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի այն ձևավորվի, և այդ մի տարվա ընթացքում, եթե կինը ժամանակին և պարտաճանաչ այցելի բժշկին, բժիշկը կարող է հայտնաբերել շատ վաղ փուլում, և փոքր վիրահատական միջամտության արդյունքում կինը ձերբազատվում է այս հիվանդությունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով մարզերին, տնօրենը նշեց, որ փոքր քաղաքների, գյուղերի բնակիչները հիմնականում հետազոտվում են այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասնում»: Դրա հիմնական պատճառներից մեկն էլ մարզերում թվային սարքավորումների բացակայությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG