Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել


Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00

Փաստաբան Արա Զաքարյանն ասում է, որ այս ամենն արվում է ներպետական ատյանները սպառելու և Եվրոպական դատարան դիմելու համար։

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը Վճռաբեկ դատարանից խնդրել է կա՛մ բեկանել առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանների որոշումներն ու գործն ուղարկել նոր քննության, կա՛մ էլ, բեկանելով այդ որոշումները, մեղմել պատիժն ու դատարանի դահլիճից ազատ արձակել ազատամարտիկին։

Չնայած Վճռաբեկ ներկայացրած բողոքին, մեկ տարի ճաղերի հետևում պահվող պահեստազորի գնդապետի ընտանիքն ու պաշտպանը որևէ ակնկալիք չունեն հայաստանյան դատական համակարգից։

Ազատամարտիկների սոցիալական իրավունքների պաշտպանության համար բողոքի ակցիաների ակտիվ նախաձեռնող, խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը նաև ուշադրություն է հրավիրում պատժի չափի վրա. դատախազը պահանջել էր 6.5 տարվա, իսկ դատավորը 6 տարվա ազատազրկման վճիռ կայացրեց։

Փաստաբանը չի հիշում մեկ այլ նման դեպք, երբ դատարանն այսչափ խիստ պատիժ սահմանի նույն մեղադրանքի պարագայում։

Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ իշխանությունների կամքով են Ավետիսյանին պատժում, նկատում է Զաքարյանը և նշում, որ եթե 5 տարվա ազատազրկման վճիռ կայացվեր, ապա Ավետիսյանը անցած տարվա համաներմամբ ազատ կարձակվեր:

«Այս պայմաններում նման խիստ պատիժ կիրառելը բացատրվում է մեկ հանգամանքով, որ վերևից իշխանությունները հրահանգ են տվել դատարաններին՝ ի վերջո Վոլոդյա Ավետիսյանին տալ այն չափի պատիժ, որի պարագայում համաներման կիրառմամբ՝ նա պատժի կրումից չազատվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զաքարյանը:

Առաջին ատյանի դատարանի որոշումից հետո հատկապես Ավետիսյանի պաշտպանը բազմիցս է հայտարարել, որ դատարանն իրականում չկարողացավ ապացուցել ազատամարտիկին առաջադրված մեղադրանքը։ Վկաների մի մասը խուսափեց ներկայանալ դատարան, իսկ ապացույց հանդիսացող տեսագրություններն ու գաղտնալսված հեռախոսային խոսակցություններն, ըստ պաշտպանական կողմի, չկարողացան ապացուցել Ավետիսյանի մեղքը։

Վճռաբեկ բողոքում Զաքարյանն անդրադարձել է նաև այն 2 հազար դոլարին, որն ըստ գործի, Ավետիսյանը խարդախության ճանապարհով վերցրել է թոշակառուից և որը բռնագանձվել է հօգուտ պետության: Դա հերթական ապօրինությունն է, նշում է պաշտպանը՝ մանրամասնելով, որ Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը նման պատիժ չի սահմանում։

«Երբ մեղադրողի պահանջը ակնհայտորեն օրենքին հակասող էր, դատավորն անգամ այս պարագայում համարձակություն չունեցավ, որպեսզի դատախազի խնդրանքը մերժի», - ասաց արա Զաքարյանը:

Ավետիսյանի բազմանդամ ընտանիքում ևս տարակուսած են՝ եթե Վճռաբեկն ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի որոշումը, իրենք չեն կարողանա վճարել 2 հազար դոլար գումարը։ Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանն ասում է, որ գոյատևում են թոշակով։

«Վերևից հրահանգ կա, թե չէ դատավորի ձեռքը ոչ մի բան չկա», - նշեց Մարգարիտա Բաղրամյանը:

Ավետիսյանի ընտանիքում ևս հույս չունեն, որ Վճռաբեկը հօգուտ իրենց որոշում կկայացնի։ Կինն ասում է, որ գուցե իշխանափոխությամբ ամուսնու վրայից հանվի այդ պիտակը:

«Ազատամարտիկներն էլ են արդեն հիասթափված, էլ որտեղի՞ց գան Վալոդին թիկունք կանգնեն: Մի երկու հոգի են գալիս, կեսն էլ կաշառքը արդեն վերցրած են: Վախեցած են, շատերին վախեցնում են․ զանգում են կամ գնում են, վախեցնում են, որ՝ չգնաք կանգնեք սատար Վոլոդիային», - ասաց ազատամարտիկի կինը:

Հիշեցնենք, անցած հունիսին առաջին ատյանի դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Ավետիսյանին՝ նրանից պետության օգտին բռնագանձելով 2 հազար ԱՄՆ դոլար։

Ըստ մեղադրանքի, հենց այդ չափով գումար է Ավետիսյանը ստացել մի թոշակառուից՝ խոստանալով նրա թոռանն ազատել զինծառայությունից։ Անցած ամիս Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ավետիսյանը չի ընդունում մեղադրանքն ու բազմիցս է հայտարարել, որ սրանով իշխանությունները վրեժ են լուծում իրենից՝ փորձելով լռեցնել արժանապատիվ կյանքի համար պայքարի դուրս ելած ազատամարտիկներին։

XS
SM
MD
LG