Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ` ԵՄ-ն նպատակ ունի մինչև 2015 թվականի մայիսին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը առաջընթաց գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում:
Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ այլ երկրների պատասխանատուների հետ փաստահավաք առաքելությամբ Երևանում գտնվող Արևելյան գործընկերության հարցերով Շվեդիայի դեսպան Մարտին Հագստրոմը «Ազատության» հետ զրույցում հավելեց, որ Ռիգայում կարող են ի հայտ գալ նոր նախաձեռնություններ՝ միտված Եվրամիության ու Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության խորացմանը:
Գլխավորապես Շվեդիայի ու Լեհաստանի նախաձեռնությամբ 2008-ին մեկնարկած ԵՄ Արևելյան գործընկերության նպատակը Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ Բրյուսելի հարաբերությունների խորացումն է: Արդյունքում Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան Եվրամիության հետ ստորագրեցին Ասոցացման համաձայնագրեր:
Շատերի համոզմամբ, Ռուսաստանի ճնշմամբ վերջին պահին Հայաստանը հրաժարվեց այդ անել, և Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովում՝ 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում, Երևանն ու Բրյուսելը սահմանափակվեցին երկկողմ հարաբերությունների խորացման մասին համատեղ հայտարարությամբ:
Մարտին Հագստրոմը, ով Շվեդիայի արտգործնախարարությունում գլխավորում էր Արևելյան Եվրոպայի բաժինը, 2013-ի հուլիսից է Ստոկհոլմում պատասխանատու Արևելյան գործընկերության համար:
«Արևելյան գործընկերությունը շարունակվող գործըթնաց է: Մյուս տարի Ռիգայում գագաթնաժողով է լինելու, որը շատ կարևոր իրադարձություն է՝ նոր քաղաքականություն, սեղանին նոր նախաձեռնություններ ունենալու համար: Կարծում եմ, այժմ մեր նպատակը Ռիգայի գագաթնաժողովն է: Ցանկանում ենք խորացնել մեր համագործակցությունը [Արևելյան գործընկերության] բոլոր գործընկերների հետ: Ցանկանում ենք այդ անել «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով․ մենք կխորացնենք մեր հարաբերությունները և նոր առաջարկներ կանենք այն երկրներին, որոնք առաջընթաց կունենան բարեփոխումների, ժողովորդվարության, մարդու իրավունքների պաշտպանության գործում», - ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է, որ Ռիգայում փաստաթուղթ ստորագրվի Հայաստանի ու Եվրամիության, դեսպանը պատասխանեց. - «Շատ դժվար է ասել: Մենք այստեղ ենք՝ ծանոթանալու Հայաստանի կառավարության առաջնություններին, և որևէ պայմանագիր կնքելը կախված է նաև այդ հանգամանքից: Հուսով եմ, Ռիգայի գագաթնաժողովում առաջընթաց կգրանցենք Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում, սակայն այս պահին, կարծում եմ, վաղ է ասել, թե ինչպիսի առաջընթաց կլինի: Բայց Եվրամիության նպատակն է Ռիգայում առաջընթաց գրանցել մեր հարաբերություններում»:
«Միանալով ԵՏՄ-ին՝ Հայաստանը սահմանափակեց ԵՄ հետ համագործակցության հեռանկարը»
Միևնույն ժամանակ, շվեդ բարձրաստիճան դիվանագետը ընդգծեց՝ Եվրամիությունն ու Հայաստանը հետայսու ստիպված են հաշվի առնել Եվրասիական միության կարծիքը. - «Միանալով ԵՏՄ-ին՝ Հայաստանը գոնե առայժմ սահմանափակեց որոշ բնագավառներում ԵՄ հետ համագործակցության հեռանկարը: Ի նկատի ունեմ, օրինակ, առևտրի ազատականացումը: Հայաստանը փոխանցեց իր ինքնիշխանության մի մասը նոր կառույցին: Ուստի, ապագայում առևտրի որևէ ազատականացում պետք է բանակցվի Եվրասիական տնտեսական միության մակարդակում»:
«Բայց նույնիսկ նման իրավիճակում կան բազմաթիվ ոլորոտներ, ուր մենք կարող ենք համագործակցել․ օրինակ, սեկտորային համագործակցությունը շատ բնագավառներում», - հավելեց Մարտին Հագստրոմը: