Մատչելիության հղումներ

Եռյակ․ «Երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ»


Եռյակ․ «Երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ»
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00

Կառավարման ճգնաժամի մասին եռյակի հայտարարությունը մտել է Աժ քառօրյայի օրակարգ:

Հայտնի չէ, սակայն, թե երբ կքննարկվի այդ հայտարարությունը, քանի որ Հանրապետականն ասում է, թե Կառավարությունն էլ անհետաձգելի համարած հարցեր ունի:

Ոչ իշխանական ուժերի ներկայացրած հայտարարության նախագծի շուրջ այսօր Ազգային ժողովում տեղի ունեցան թեժ քննարկումներ, ինչը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մեկնաբանությամբ նշանակում է, որ իշխանական Հանրապետականը մատնում է իր վախը:

«Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի 45 պատգամավորների ստորագրությամբ Հայաստանում կառավարման ճգնաժամին վերաբերող հայտարարություն է մտել Ազգային ժողովի քառօրյայի օրակարգ: Հայտնի չէ, սակայն, թե երբ կքննարկվի, քանի որ Հանրապետականն ասում է, թե Կառավարությունն էլ անհետաձգելի համարած հարցեր ունի:

«Հոկտեմբերի 10-ին արձանագրվեց մի իրողություն՝ որ այս իշխանությունը սպառված է, բոլոր ուղղություններով ձախողումներ են, որ այևս հնարավոր չէ այսպիսի կառավարման համակարգ Հայաստանում հանդուրժել: Եվ հենց դրան էլ ուղղված է մեր հայտարարությունը: Ազգային ժողովը ուղղակի պետք է արձանագրի նույն այն իրողությունը, ինչ որ ժողովուրդն արդեն արձանագրել է: Բնական է, որ նրանք սրանից շատ վախենում են», - հայտարարեց Զուրաբյանը:

«Կոռուպցիան և մենաշնորհները շարունակում են մնալ Հայաստանի տնտեսության ու կառավարման համակարգի ամենամեծ չարիքը», - գրում են հայտարարության հեղինակները՝ հղում անելով միջազգային կառույցների՝ Համաշխարհային բանկի, Թրանսփարենսի Ինթերնեյշնլի, Գելափի, Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի գնահատականներին:

Ըստ հայտարարության՝ կոռուպցիոն բուրգի պատճառած վնասը կազմում է երկրի պետական բյուջեին գրեթե համարժեք գումար՝ տարեկան ավելի քան 2.5 մլրդ դոլար, երկրում չի հաղթահարվում աղքատությունն ու գործազրկությունը, սաստկանում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջազգային մեկուսացումը, կառավարությունը պատրաստ չէ ընդառաջ գնալ հանրությանը և բավարարել անգամ ժողովրդի նվազագույն պահանջները (խոսքը քառյակի 12 պահանջների մասին է): Ոչ իշխանական ուժերը եզրակացրել են․ - «Երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ»:

Նրանք Ազգային ժողովին առաջարկում են դրա հաղթահարմանն ուղղված հրատապ քայլեր իրականացնել:

Քառօրյայի օրակարգը հաստատելիս Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովի նախագահին ասաց, որ նա պարտավոր է առաջնահերթությունը տալ ընդդիմության ներկայացրած նախագծին, ինչին Գալուստ Սահակյանն արձագանքեց․ - «Խնդրում եմ, իմ իրավունքների որոշող չլինեք, որովհետև դա Կանոնակարգ օրենքն է և ընդհանրապես օրենքները: Ես կարծում եմ, որ ինչպես Կանոնակարգ օրենքն է պահանջում, այդ նույն ոգով էլ մենք կքննարկենք նաև ձեր նախաձեռնությունը»:

Ընդդիմադիրները պնդեցին, թե Ազգային ժողովի նախագահը արտահերթ հարցերի հերթականություն սահմանելու իրավունք չունի: «Այն, ինչ բացատրություններ որ տալիս եք՝ որ շատ-շատ-շատ արտահերթ հարցեր կան, պետք է քննարկվեն, դա ուղղված է, որպեսզի խախտեք Սահմանադրությունը, Կանոնակարգ օրենքը: Բոլորի բառապաշարին ծանոթ ենք, գիտենք ով ինչ է ուզում: Պարոն Գալուստ Սահակյան, եկեք իզուր լարվածություն չստեղծենք այստեղ»:

Աժ նախագահը հակադարձեց․ - «Ռուբիկ Հակոբյան, ոչ թե Գալուստ Սահակյանն է որոշում, կոռեկտ պիտի լինել, այլ Ազգային ժողովի նախագահը: Ես ասացի, որ այդ մասին կխոսեմ: Երբ չբավարարի՝ խնդրեմ»:

Ընդդիմադիրների համոզմամբ՝ Հանրապետականը ցավոտ հարցերի քննարկումներ չի ցանկանում կազմակերպել հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդառաջ:

«Չունեն հստակ հակափաստարկներ տեսակետին, որի հետ իրենք համաձայն չեն նորմալ, քաղաքակիրթ բանավիճելու, ուստի դիմում են ահա այսպիսի տհաճ սցենարների: Սա միանշանակ մեկ բանի մասին է խոսում՝ որ իրենք էլ հասկանում են, որ իրենց վիճակը առանձնապես նախանձելի չէ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ):

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ Հանրապետականի հասցեին ընդդիմադիրների պնդումները «ծիծաղ են առաջացնում»․ - «Եթե պետք է օրակարգ մտցնենք և ապահովենք բազմամարդ միտինգներն իրենց, ապա բարի լինեն այս քառօրյաները գոնե չօգտագործեն այդ առումով: Ընդամենը հայտարարությունների ժամին կարող են հանդես գալ նմանատիպ հայտարարություններով կամ կոչերով, կամ իրենց հատկացված երեք րոպեն ճիշտ օգտագործեն»:

XS
SM
MD
LG