Մատչելիության հղումներ

Պետության տրամադրած ուսման զեղչերից ու վարկերից սակավաթիվ ուսանողներ են օգտվում


Պետության տրամադրած ուսման զեղչերից ու վարկերից սակավաթիվ ուսանողներ են օգտվում
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

Պետության տրամադրած ուսման զեղչերից ու վարկերից սակավաթիվ ուսանողներ են օգտվում

Ուսման վարձի զեղչեր տրամադրվում են երկրի տասնյակ հազարավոր ուսանողներից միայն 1300-ին, իսկ պետական վարկից անցյալ ուստարում օգտվել է 200 ուսանող:

Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ 2013 թվականից, երբ բուհերից շատերը բարձրացրին վարձերը, պետությունը զեղչեր սահմանեց սոցիալապես անապահով ուսանողների համար, նաև սկսեց 10 տարի ժամկետով տարեկան 10 տոկոսով վարկեր տրամադրել:

«Ուսանողները, որոնք միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարել են և գտնվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, պետությունը փոխհատուցում է տվյալ ուսանողների ուսման վարձը՝ 50-100 տոկոս: Ուսանողական վարկերի տրամադրումը սկսվեց 2013 թվականից: Վարկերը տրամադրվում են 10 տարի մարման ժամկետով, առաջին 4 տարիների համար սահմանվում է արտոնյալ ժամկետ, այսինքն՝ մարվում են միայն տոկոսագումարները», - փոխանցեց Սուքիասյանը:

18-ամյա Էմմա Մխիթարյանը Գեղարքունիքի մարզից է, սովորում է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժնի առաջին կուրսում: Նրա ուսման տարեկան վարձը կազմում է 500 հազար դրամ, որը, ինչպես Էմման է նշում, ընտանիքի միակ աշխատողի՝ մոր համար բավական դժվար էր վճարել:

Էմման միակողմանի ծնողազուրկ է, ապրում է բարձրադիր գոտում, մայրը մանկավարժ է, այսինքն՝ ուսանողը պետք է օգտվեր 3 տեսակի զեղչից, սակայն զեղչ նրան չի տրամադրվել: Պետհամալսարանում նրան ասել են, թե հունվարից հետո միայն կուսումնասիրեն նրա ներկայացրած դիմումը, որից հետո, սակայն, եթե զեղչվի էլ՝ կզեղչվի վարձի միայն 8 տոկոսը:

Ուսանողներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ օգտվում է Կառավարության առաջարկած վարկից, այլապես ընտանիքի անդամների նվազագույն աշխատավարձով հնարավոր չէր վճարել ուսման համար: Նա պատմեց, որ վարկը պետք է մարի 10 տարվա ընթացքում, այսինքն՝ և՛ ուսման ընթացքում, և՛ ավարտելուց անմիջապես հետո պետք է աշխատի, որպեսզի վճարի վարկի մոտ 3 միլիոն դրամ կազմող մայր գումարն ու տոկոսները:

Ուսանողներն ասում են, որ վերջին երկու տարիներին ուսման վարձերի բարձրանալուց հետո, մեծ դժվարությամբ են վճարում դրանք: Եթե վարկ էլ չեն վերցնում, ապա շատ հաճախ օգնության են հասնում արտերկրում բնակվող բարեկամները: Ոմանք պարզապես համատեղում են աշխատանքն ու ուսումը:

«Վճարը ընդհանրապես հեշտ չէ տալը, քանի որ գործազրկություն է ամենուրեք ու աշխատավարձերը չեն համապատասխանում․․․ 60 կամ 70 հազարով հաստատ չենք կարող 500 հազար վարձ տալ: Նախորդ տարի օրինակ կար, որ ընտանիքում եթե երկու և ավելի ուսանողներն կան, ապա վարձը որոշ չափով կզեղչվի, բայց այս տարի սեպտեմբերի կեսերից իմացանք, որ հրաման է եկել, որ չի զեղչվում», - ասաց ուսանողներից մեկը:

Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վարձավճարները մեծ դժվարությամբ են հավաքվում, ուսանողները հիմնականում ուշացումներով են վճարում։ 6-շաբաթյա ժամկետում այն չվճարելու դեպքում նրանց պարզապես չի թույլատրվում մասնակցել դասերին և միջանկյալ քննություններին: Գրիգորյանն ասաց, որ անցյալ տարի մոտ 300 ուսանող չի վճարել վարձը և դուրս է մնացել բուհից:

«Ուշացումները բացարձակապես պայմանավորված չեն ընտանիքի հնարավորություններով, այլ պարզապես մի քիչ անպարտաճանաչությամբ, որովհետև, իմ կարծիքով, անապահով ընտանիքները շատ ավելի ճիշտ են պլանավորում իրենց միջոցները և անում են ամեն ինչը ավելի ժամանակին», - ասաց Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG