«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Շանթ Հարությունյանի և «Նոյեմբերի 5»-ի գործով մյուս ամբաստանյալների նկատմամբ դատարանի կայացրած վճիռը։
«Այս դատավճիռը համարելով անձի ազատ խոսքի իրավունքի, նրա քաղաքական հայացքների նկատմամբ ներկա իշխանությունների անհանդուրժողականության դրսևորում, «Ժառանգությունը» գտնում է, որ ինչպես Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, այնպես էլ Վոլոդյա Ավետիսյանի և Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում են, ուստի վերջիններս միանշանակ հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ», - ասված է կուսակցության այսօրվա հայտարարությունում։
«Սա մեր պետության ու հայ ժողովրդի խայտառակությունն է, և «Ժառանգությունն» իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի շուրջ մեկ տասնյակի հասնող քաղբանտարկյալներին շուտափույթ ազատ արձակելու համար», - հայտարարում է ընդդիմադիր կուսակցությունը:
Հիշեցնենք՝ ուրբաթ օրը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Շանթ Հարությունյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման, նրա 14-ամյա որդուն՝ 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ, գործով մյուս 12 ամբաստանյալները դատապարտվեցին 2-ից մինչև 7 տարվա ազատազրկման։