Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կարձագանքի ոչ իշխանական ուժերի «չնախատեսված գործողություններին»


Ոստիկանությունը կարձագանքի ոչ իշխանական ուժերին «չնախատեսված գործողություններին»
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00

Հոկտեմբերի 24-ին ոչ իշխանական ուժերի հրավիրած հանրահավաքին ոստիկանությունը ուշադրությամբ հետևելու է, և եթե չնախատեսված գործողություններ լինեն, խոստանում է՝ «չնախատեսված էլ արձագանքել», այսօր հայտարարեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ ընդգծելով, որ իրենք կգործեն օրենքի սահմաններում, կանեն անհրաժեշտ ամեն ինչ՝ հասարակական կարգը պահպանելու համար։

«Թող բոլորը դա նկատի ունենան, որ նույն պատասխանատվությունը, որ կրում է ոստիկանությունը, կարծում եմ դրանից ավելի պատասխանատվություն պետք է կրեն նաև հանրահավաքի կազմակերպիչները», - հավելեց նա:

Ոչ իշխանական ուժերը հայտարարել են, որ մինչև հոկտեմբերի 24-ը իշխանություններին անցնցում հեռանալու ժամանակ են տալիս, հակառակ դեպքում խոստանում են հանրահավաքի օրը իշխանափոխության սցենար ներկայացնել։ Ընդ որում, փոխոստիկանապետը այսօր խուսափեց ուղիղ պատասխանել հարցին, թե արդյո՞ք դեռ ուժի մեջ է իր վերադասի՝ Վլադիմիր Գասպարյանի խոստումը՝ ոչ իշխանական ուժերին ավելի վաղ խոստացված սառը ցնցուղը։

«Ականատես եք, չէ՞ բազմաթիվ նման ակնարկների, խոսքերի՝ իշխանափոխության և այլն: Ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է, գոնե վերջին տարիների մեր գործունեությամբ դա ենք մենք ապացուցում, դուք էլ դրա ականատեսն եք: Ընդամենը ասեմ, որ հատուկ որևէ բան չի արվելու», - մեկնաբենեց փոխոստիկանապետը:

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Ազատության հրապարակում նկատելի էր, որ նախորդ հանրահավաքների համեմատ ոստիկանների թիվը ավելի փոքր էր, ինչն այսօր հաստատեց նաև Հունան Պողոսյանը։ Անդրադառնալով վերջին մեկ ամսվա ընթացքում ոչ իշխանական ուժերի մարզային հանրահավաքներին՝ փոխոստիկանապետը նշեց, թե դրանցից որևէ մեկին հատուկ չեն պատրաստվել և ամեն ինչ բնականոն է ընթացել։

Հիշեցրեցինք, որ օրինակ՝ Սիսիանում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանրահավաքին հետևելու էին եկել ոստիկանական լրացուցիչ մեքենաներ, որոնք, ըստ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, իրենց քաղաքինը չէին։ Փոխոստիկանապետը չհերքեց, որ հավելյալ ուժեր են Սիսիան տարվել, բայց հանրահավաքի հետ դրանց առնչությունը համարեց անհեթեթ։

«Գործող, կայուն օրգանիզմ է ոստիկանությունը, հանցագործության աշխարհագրություն էլ այնպիսի՜ն է․․․ էլ չեմ ասում ծառայություն կատարող մեքենաները, այդ թվում՝ Ճանապարհային ոստիկանության: Դա անտեղի շահարկում է», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG