Մատչելիության հղումներ

Հերթական քայլը «Հարավային գազային միջանցքի» իրականացման գործում


Չնայած Անկարայում երեկ հնչած լավատեսական ճառերին, ծրագիրը, այդուհանդերձ, կարող է բախվել մի շարք խնդիրների:

Ադրբեջանն ու Թուրքիան ևս մեկ քայլով մոտենում են «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրագործմանը:

Երեկ Անկարայում` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկայի նախարարների, ինչպես նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի ղեկավարի մասնակցությամբ պաշտոնապես հրապարակվեց այն ընկերությունների ցանկը, որոնց արտադրանքն օգտագործվելու է Տրանսանատոլիական խողովակաշարի` TANAP-ի շինարարության ընթացքում:

Դրանց թվում են մետալուրգիական մի շարք խոշոր ընկերություններ առնվազն երեք պետություններից, մասնավորաբար՝ գերմանական Mannesmann-ը, թուրքական Erciyas-ը և չինական Baosteel Europe կոնցեռնը:

Հիշեցնենք՝ TANAP-ը «Հարավային գազային միջանցքի» առանցքային հատվածներից մեկն է: Դրա միջոցով Կասպից ծովում գտնվող «Շահ-Դենիզ» հանքավայրում արդյունահանված գազը Թուրքիայի տարածքով արտահանվելու է Հարավային Եվրոպա:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խոսքով՝ Անկարայում և Բաքվում հույս ունեն, որ 2018 թվականից շահագործվող այս խողովակաշարով արտահանվող գազի ծավալները տարեցտարի աճելու են:

«Այս նախագծի շնորհիվ սկզբնական շրջանում տարեկան կարտահանվի 16 միլիարդ խորանարդ մետր գազ: Չի բացառվում սակայն, որ հետագայում TANAP-ի տարողունակությունը հասնի տարեկան 22-24, գուցե նաև 32 միլիարդ խորանարդ մետրի: Այսպիսով նաև ակնհայտ է դառնում, որ Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ ներուժն ու աշխարհագրական դիրքը հաջողությամբ փոխլրացնում են միմյանց: Մի իրավիճակում, երբ շատ այլ պետություններ խնդիրներ ունեն, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են զարգանալ», - հայտարարեց Դավութօղլուն:

Չնայած Անկարայում հնչած լավատեսական այս ճառերին՝ Տրանսանատոլիական գազատարի շինարարությունը կարող է բախվել մի շարք խնդիրների: Խոսքը նախևառաջ ֆինանսական խնդիրների մասին է:

Դեռ անցած տարեվերջին տնտեսական լուրերի լուսաբանմամբ զբաղվող Fineko-abc.az ադրբեջանական կայքը տեղեկացրել էր, որ TANAP-ի շինարարության նախնական արժեքը գրեթե կրկնապատկվել է` 7․5 միլիարդ դոլարից հասնելով 12 միլիարդի:

«Չի բացառվում, որ այս թիվը շարունակի աճել՝ հասնելով 17 միլիարդի, քանի որ դեռ չի մեկնարկել ծրագրի ամենածախսատար հատվածներից մեկը` այն մասնավոր հողատարածքների օտարումը, որոնցով պետք է անցնի խողովակաշարը, և փոխհատուցումների վճարումը», - գրում էր պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG