Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջարկում է բարձր պատրաստականության բերել առողջապահական կազմակերպությունները էբոլայով հիվանդների վաղաժամ հայտնաբերման, ախտորոշման, մեկուսացման և բուժման համար, միջոցներ ձեռնարկել միջազգային օդանավակայաններում տենդով ուղևորների հայտնաբերման և մեկուսացման համար:
Հիմք ընդունելով ԱՀԿ-ի մոտեցումները և Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները` Հայաստանի առողջապահության նախարարությունը երկիր էբոլա վիրուսի ներթափանցումը կանխելու համար ուժեղացրել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։
Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ անցակետերում տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերել ջերմող հիվանդներին, ձեռք է բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար, բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց, մշակվել է հուշաթերթ ազգաբնակչության համար և այլն։
Գյուղատնտեսության նախարարությանն առաջարկվել է արգելել վայրի կենդանիների մուտքը երկիր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մինչ օրս ամբողջ աշխարհում արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված հիվանդության 9 հազարից ավելի դեպք, որոնցից ավելի քան 4 հազարը` մահվան ելքով:
Բացի աֆրիկյան երկրներից, էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեպքեր արձանագրվել են թե՛ եվրոպական, և թե՛ ամերիկյան տարածաշրջանի երկրներում:
Մանրամասները՝ ավելի ուշ: