Մատչելիության հղումներ

Ռուսները նավթի գնի հարցում դավադրություն են տեսնում


Ռուսաստան - Արևմտյան Սիբիրի նավթահանքերից
Ռուսաստան - Արևմտյան Սիբիրի նավթահանքերից

Համաշխարհային շուկաներում նավթի գնի աննախադեպ անկումը չափազանց տհաճ լուր է Ռուսաստանի համար:

Համաշխարհային շուկաներում նավթի գինն աննախադեպ անկում է գրանցում, հիմա մեկ բարելի (մոտ 159 լիտր) գինը 89 դոլարի էլ չի հասնում և այս տարվա հունվարից իջել է մոտ 20 տոկոսով։

Սա չափազանց տհաճ լուր է Ռուսաստանի համար, քանի որ այդ երկրի արտահանած հիմնական ապրանքը էներգակիրներն են` նավթը և գազը։ Գնանկումը նշանակում է նավթարդյունահանող հսկա ընկերությունների ֆինանսական կորուստներ, ինչը, իր հերթին, հարվածում է Դաշնության պետական բյուջեին, որի եկամուտների մեծ մասն ապահովում է էներգակիրների վաճառքը։

Ռուսաստանցի տնտեսագետները փորձում են կանխատեսել հնարավոր զարգացումները։ Լավատեսների համոզմամբ՝ նավթի շուկան մինչև տարեվերջ կվերականգնվի, և մեկ բարելի գինը կհասնի 100 դոլարի, մինչդեռ հոռետեսները նախազգուշացնում են՝ անկումը կշարունակվի, և բարելը կարժենա 60 դոլար։

Նավթի գինը երբևէ զուտ տնտեսական գործոն չի եղել և ուղղակի կապված է աշխարհում ծավալվող իրադարձությունների հետ։ Գինը կարող է բարձրանալ պատերազմների ժամանակ, հատկապես եթե դրանք ածխաջրածիններով հարուստ տարածաշրջաններում են, բայց կարող է հենց պատերազմի հետևանքով էլ իջնել, խաղաղության ժամանակ կարող է բարձրանալ, քանի որ աշխուժանում է տնտեսությունը, և էներգակիրների պահանջարկն աճում է, բայց կարող է նաև ընկնել, եթե շատ մեծ լինի արդյունահանման ծավալը։

Բայց հիմա, ըստ ռուսաստանցի տնտեսագետների, ինչ-որ իմաստով աննախադեպ վիճակ է, գինն անբացատրելի է իջնում։ Որոշ պատճառներ, իհարկե, կան` արդյունահանումը բարձրացել է, Ասիան սկսել է ավելի քիչ նավթ գնել, եվրոպական տնտեսությունը դեռ ճգնաժամը չի հաղթահարել, բացի այդ` չի բացառվում, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն, և այդ երկիրը սկսի մեծ քանակությամբ նավթ արտահանել։ Եվ այնուամենայնիվ, ըստ «Վեդոմոստի» պարբերականի մեկնաբան Միխայիլ Օվերչենկոյի, նշված գործոնները չեն կարող հանգեցնել 20 տոկոսի գնանկման։

Ռուսաստանում չեն բացառում, որ այդ ամենը դավադրություն է։ Հենց նավթի գնի կտրուկ անկումն է դարձել Խորհրդային Միության տնտեսական ծանր կաթվածի և դրա արդյունքում քաղաքական կազմալուծման պատճառներից մեկը, գուցեև հիմնականը։ 1980-ականներին այդ գնանկումը, ըստ ռուսաստանցի վերլուծաբանների, հրահրել էր Ամերիկայի Միացյալ Նահանգները` Սաուդյան Արաբիայի օգնությամբ։ Աֆղանստանի պատերազմից հսկայական կորուստ կրող Խորհրդային Միությունը զրկվել էր նավթադոլարներից, և վարչահրամայական կանոններով աշխատող տնտեսությունը պարզապես տապալվել էր։

Երբ նավթի գինը սկսում է իջնել, Սաուդյան Արաբիան և OPEC-ի՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության մնացած պետությունները սկսում են զսպել արդյունահանումը։ Բայց հիմա դա չի արվում։ Եվ հենց այդ հանգամանքն էլ Ռուսաստանում քաղաքական վերլուծաբանների մի մասը համարում է դավադրություն։

OPEC-ը նոյեմբերի 27-ին ժողով է գումարելու, և եթե արդյունահանումը կրճատելու որոշում չընդունվի, մտահոգված ռուսաստանցի վերլուծաբանները վստահ կպնդեն, որ Արևմուտքն ու Մերձավոր Արևելքը Կրեմլի դեմ դավեր են նյութում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG