Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտե. Գերության ընթացքում հայ զինծառայողը ենթարկվել է բռնությունների


Գերի ընկած զինվոր Հակոբ Ինջիղուլյանին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, 8-ը հոկտեմբերի, 2014
Գերի ընկած զինվոր Հակոբ Ինջիղուլյանին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, 8-ը հոկտեմբերի, 2014

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ հակառակորդի մոտ հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ինչպես նրա՝ հակառակորդի տարածքում հայտնվելու հանգամանքները, այնպես էլ՝ գերության մեջ նրա գտնվելու պայմանները։

Քննչական կոմիտեի տեղեկատվության բաժինը հայտնում է, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել է՝ հայրենիք վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով մանրամասն նկարագրել է, թե ինչպես է հայտնվել հակառակորդի տարածքում և գերեվարվել, ինչպես նաև՝ գերության մեջ գտնվելու ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին։

«Հաշվի առնելով քրեական գործի նախաքննության նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Հակոբ Ինջիղուլյանը, մասնավորպես, ցուցմունք է տվել, որ հակառակորդի տարածքում է հայտնվել՝ մոլորվելու արդյունքում»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում.- «Ամիսը մեկ անգամ «Կարմիր խաչ միջազգային կոմիտեի» կազմակերպության ներկայացուցիչների այցելումից առաջ «մայոր» կոչումով մի սպա ծեծի է ենթարկել հայ զինծառայողին՝ ստիպելով այդ կազմակերպության ներկայացուցիչներին հայտնել, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան, և, իբր, հայրենիքում իր նկատմամբ բռնություն են գործադրել: Հայ զինծառայողը պարտադրաբար, բռնությունների ազդեցության ներքո Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ասել է ադրբեջանցիների պահանջածը»։

Ըստ Քննչական կոմիտեի՝ շուրջ մեկ տարվա գերության ընթացքում հայ ռազմագերին որևէ փաստաթուղթ չի ստորագրել, բացառությամբ Ադրբեջանի նախագահին հասցեագրված` երրորդ պետություն տեղափոխվելու ցանկության մասին իր դիմումը, որը գրել է նույնպես սպառնալիքների և հալածանքների ներքո: Գերության ընթացքում նա ադրբեջանցիների կողմից բազմիցս ենթարկվել է ծեծի, խոշտանգումների, անմարդկային հալածանքների։

«Ինջիղուլյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ հայկական զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում` զորամասում կամ ծառայության վայրում, իր նկատմամբ ոչ ոք բռնություն կամ դրա սպառնալիք չի գործադրել, պատիվն ու արժանապատվությունը չի ստորացրել, ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել և ցանկություն է հայտնել ծառայությունը շարունակելու նույնիսկ նույն զորամասում` իրականացնելով մարտական հերթապահություն»,- մանրամասնում է պաշտոնական աղբյուրը։

Քննության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում հայ զինծառայողի նկատմամբ բռնություններ կիրառած անձանց ինքնությունը։ Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG