Մատչելիության հղումներ

Էբոլան համաշխարհային տնտեսությանը միլիարդավոր դոլարների վնաս է հասցնում


Էբոլան համաշխարհային տնտեսությանը հասցնում է միլիարդավոր դոլարների վնաս: Ինչպես Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն են պնդում, Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսություններն այս հիվանդության տարածման պատճառով շուտով կարող են կրել 33 միլիարդ դոլարի վնաս։

Այս ընթացքում աշխարհի մյուս երկրները միլիարդավոր դոլարներ են ծախսում համաճարակի տարածումը կանխելու համար։

Իսպանացի բուժքույրը վարակվել է էբոլայից մահացած հիվանդների սենյակն ախտահանելուց հետո իր դեմքը քորելու արդյունքում։ Սա ապացուցում է այն փաստը, որ այս հիվանդությամբ կարելի է վարակվել առանց հիվանդների հետ շփում ունենալու։ Այդ պատճառով է համաճարակն այսօր տարածվում աննախադեպ արագությամբ:

Եթե հիվանդության տարածումը շարունակվի այս արագությամբ, էբոլայով վարակված անձանց թիվը եկող 4 ամիսների ընթացքում 8 հազարից կհասնի մեկուկես միլիոնի, հիվանդությանը զոհ կգնա 665 հազար մարդ։ Մինչ այժմ մահացածների թիվը կազմում է 3 հազար 880, որոնց հիմնական մասը՝ Գվինեայում, Լիբերիայում ու Սիերա Լեոնեում։

Եթե մինչև այս տարվա վերջ կանխվի հիվանդության տարածումը, մինչև 2015 թվականի ավարտը համախառն ներքին արդյունքը կկրի մոտ 4 միլիարդ դոլարի վնաս։ Սա, մասնագետների խոսքով, լավագույն տարբերակն է։ Վատագույն դեպքում հիվանդությունը կարող է տարածվել դեպի Գանա, Նիգերիա ու Սենեգալ։ Այդ դեպքում մինչև 2015 թվականի ավարտը վնասը կհասնի 33 միլիարդի։

Այս երկրները հարուստ են բնական պաշարներով։ Մասնավորապես, Նիգերիայի նավթարդյունաբերությունը երկրի տնտեսության շարժիչ ուժն է։ Սակայն էբոլան փակում է դռները նավթարդյունաբերության առջև, չնայած այս երկրին դեռևս հաջողվում է կանխել հիվանդության մուտքը։

Ամերիկյան «Էքսոն Մոբիլ» ընկերությունը դադարեցրել է Լիբերիայում հորատման աշխատանքները։ Օտարերկրյա ներդրողների մտահոգությունների պատճառով դադարեցվել է նաև ռետինի և երկաթի արտահանումը։

Չափազանց մեծ կորուստներ է կրում զբոսաշրջության բնագավառը։ Աֆրիկյան երկրներ այցելողների թիվը կրճատվել է 30 տոկոսով, ու սպասվում է, որ շուտով զբոսաշրջիկների հոսքը գրեթե լիովին կանգ կառնի։

Մեծ ծախսերի առաջ են կանգնում նաև Աֆրիկայից շատ հեռու գտնվող երկրները, որոնք ստիպված են հատուկ սպասարկում սկսել աֆրիկյան երկրներից ժամանող անձանց հենց օդանավակայաններում կամ նավահանգիստներում բժշկական ստուգման ենթարկելու համար։ Շաբաթ օրվանից հատուկ ստուգումներ ու հետազոտություն կիրականացվի նաև ԱՄՆ-ի օդանավակայաններում։

ՄԱԿ-ը տեղեկացնում է, որ համաճարակի տարածման աննախադեպ մեծ արագությունը կասեցնելու համար այս պահին պահանջվում է մեկ միլիարդ դոլար։ Այս հարցում աջակցելու պատրաստակամությամբ են հանդես եկել մի շարք երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ը արդեն փոխանցել է 208 միլիոն դոլար։ Համաշխարհային բանկը խոստացել է 200 միլիոն դոլար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկով՝ էբոլայի դեմ յուրաքանչյուր անձի ստուգումների համար ծախսվում է 244, մահացած հիվանդի մարմինը չեզոքացնելու համար՝ ևս 404 դոլար։

Սակայն ամենամտահոգիչն այն է, որ մինչ այժմ չկա այս հիվանդությունը բուժելու որևէ դեղամիջոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG