Միայն մայր բուհից այս ուսումնական տարում 33 երիտասարդ դասախոս արդեն հեռացել է, մի քանի տասնյակն էլ կհեռանան, եթե Կառավարությունը հապշտապ քայլեր չձեռնարկի կենսաթոշակային կուտակային համակարգը բարեփոխելու համար:
Դեռևս մեկ ամիս առաջ ռեկտորները դիմել էին Կառավարությանը, վարչապետն էլ հանձնարարել էր Ֆինանսների նախարարությանը վերանայել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը:
Նախարարությունից, սակայն, «Ազատությանը» փոխանցեցին, որ մինչև այսօր խնդիրը քննարկումների փուլում է, լուծում դեռ չկա:
Եթե մասնավոր հատվածում աշխատող և բարձր աշխատավարձ ստացող մասնագետները աշխատանքի են անցնում նաև պետական բուհում, ստիպված են նաև մասնավորից ստացածի հինգ տոկոսը տալ կուտակային համակարգին: Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին դասախոս Սուրեն Դեհերյանը ստիպված էր վճարել ավելին, քան ստանում էր բուհից:
«Հաշվելով հասկացանք, որ էնքան, որ ամսական ես հավելյալ պետք է վճարելի, այդքան գումարը հավասար է բուհում չորս ամսվա իմ աշխատավարձին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դեհերյանը:
Թե այս խնդրի պատճառով արդեն քանի դասախոս է լքել բուհերը, հստակ թիվ չկա: Սեպտեմբեր-օգոստոս ամիսներին Պոլիտեխնիկից 9 երիտասարդ դասախոս է հեռացել: Խնդիրը գոնե ժամանակավորապես լուծելու համար բուհի ղեկավարությունը որոշել է հավելավճարներ տալ իր միջոցների հաշվին:
Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով՝ երիտասարդ դասախոսներով բուհը համալրելն իրենց համար ռազմավարական ծրագիր է: Կադրեր չկորցնելու համար խնդրի լուծման իր առաջարկն է ներկայացրել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
«Մարդը մեր մոտ աշխատում է, մենք փոխհատուցում ենք, մյուս տեղում, եթե աշխատում է, ինքը չի ուզում [պահումներ կատարվեն], հրաժարվում է: Ասենք ՊՈԱԿ-ում չի, ՊՈԱԿ-ների համար պարտադիր է, և եթե էս տարանջատումը լինի, փաստորեն, բուհերը, լավագույն երիտասարդները․․․ եթե բոլոր, ամբողջ կոնտինգենտին էլ չկարողանան փոխհատուցել, լավագույն մասնագետների համար փոխհատուցումը կանեն, և նրանք, ըստ էության, կխթանեն», - ասաց ռեկտորը:
ԿԳ նախարարից հետաքրքրվեցինք՝ գիտելիքահեն տնտեսության մասին հայտարարող կառավարությունը ինչո՞ւ է մինչ օրս լուռ դիտում, թե ինչպես են երիտասարդ դասախոսները զանգվածաբար լքում բուհերը: Աշոտյանն ասաց, թե ինքն էլ է մտահոգ, հարցը ներկայացրել է գործընկերներին, բայց դեռ սպասում է պատասխանի:
«Հատկապես հարվածի տակ էին ընկել ՏՏ հատվածը, բանկային, ֆինանսական կրթության հետ կապված: Ծառայությունները այնտեղ, որտեղ մասնավոր հատվածը լավ կայացած է, ունի ուժեղ, հմուտ կադրեր, որոնք կարող են և օգտակար են երկար տարիներ բուհերում համապատասխան կրթական ծառայություններ մատուցելու», - նշեց Արմեն աշոտյանը:
Թե ինչ լուծում կգտնի Կառավարությունը, առայժմ չի նշվում: Հստակ է միայն, որ ռեկտորներն ու ոլորտի նախարարը որպես փոխզիջում առաջարկել են 5 տոկոսի պահումներ անել միայն բուհից ստացած աշխատավարձից: «Ազատության» հետ զրուցած դասախոսները, սակայն, դեմ էին նաև այս տարբերակին՝ պնդելով, թե դա ծուղակ է, քանի որ համակարգը, միևնույնն է, շարունակելու է ավտոմատ պահումները, բացի այդ՝ հասկանալի չէ, թե մինչև երբ է գործելու այս փոխզիջումը, և արդյոք յուրաքանչյուր կիսամյակի շեմին դասախոսները չեն կանգնելու փաստի առջև: