Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախին, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկենին և ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաների:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը ներկայացրել է հաջորդ տարի Բաքվում անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Թոմաս Բախը վստահեցրել է, որ և՛ Միջազգային օլիմպիական կոմիտեի, և՛ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն:
Նախագահ Սերժ Սարգսյանը և ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը համակարծիք են եղել, որ սպորտը քաղաքականացնելն անթույլատրելի է, և այն պետք է միտված լինի միայն համախմբելու մարդկանց, հնարավորինս նպաստելու նաև կայունությանն ու խաղաղությանը: