Կառավարությունը մտադիր է հաջորդ տարվանից ավելի քիչ վճարել աշխատող մայրերին՝ մայրության արձակուրդի ընթացքում: Այսօր աշխատող կնոջը 140 օր հղիության ընթացքում և երեխայի ծննդից հետո վճարվում է միջին աշխատավարձն ամբողջությամբ, մինչդեռ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է այդ գումարը վճարել ըստ վերջին գործատուի մոտ ունեցած աշխատանքային ստաժի:
Ըստ այդմ` եթե մայրը մեկ տարուց պակաս է աշխատել, արձակուրդի ընթացքում նա կստանա իր միջին աշխատավարձի ընդամենը 40 տոկոսը, 1-3 տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 տարի և ավելի ստաժի դեպքում՝ 80 տոկոսը: Այս ամենից բացի նաև վերին շեմ է սահմանվել․ առաջին և երկրորդ երեխայի համար գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի յոթնապատիկը, իսկ երրորդ և հաջորդ երեխայի համար՝ տասնապատիկը:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան Նվարդ Փիլիպոսյանի խոսքով՝ հղիների և մայրերի նկատմամբ նման վերաբերմունքը անթույլատրելի և անտրամաբանական է մի երկրում, որը ծնելիության և արտագաղթի լուրջ խնդիրներ ունի:
«Նման կրճատումները կբերեն բնական աճի տեմպերի նվազեցմանը: Փոփոխությունները այնպես են ձևակերպված, որ ընդունվելու դեպքում ուժի մեջ պետք է մտնեն 2015 թվականի հունվարի 1-ից: Այսինքն՝ կանայք, ովքեր հիմա արդեն հղի են, նրանք նախօրոք չէին պլանավորել, որ իրենց փոխհատուցումը պետք է այդքան քիչ լինի», - ասաց Փիլիպոսյանը:
Փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքով, այս գումարը կրճատելով՝ պետությունը խախտում է Սահմանադրությունը․ - «Որովհետև մեր Սահմանադրության 35-րդ հոդվածով սահմանված է, որ յուրաքանչյուր մայր մինչև ծննդաբերելը և ծննդաբերությունից հետո վճարովի արձակուրդի իրավունք ունի: Պետությունը ստանձնել է այդ պարտավորությունը և պետք է ապահովի դա»:
Կառավարությունը այս նախաձեռնությունը բացատրում է բյուջեի սղությամբ և պնդում է, թե կրճատելով աշխատող մայրերի գումարը՝ միջոցներ կտնտեսի ու 2016-ից արդեն գումարներ կվճարի նաև չաշխատող մայրերին։
Կարեն Մեժլումյանը, սակայն, առաջարկում է շքեղության հարկ սահմանել և գործազուրկ մայրերին վճարել հարուստների, ոչ թե այսօր աշխատողների հաշվին․ - «Էսօր էդ հավասարության գաղափարը ուզում են կապել աշխատող հղի կանանց հետ, չի կարող այդպիսի բան լինել»:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կրկին ակտիվացել է կանանց այն խումբը , որը դեռ 2010-ին պայքարում էր Կառավարության նույնատիպ նախաձեռնության դեմ: 4 տարի առաջ նրանք հաջողության հասան՝ թույլ չտալով Կառավարությանը կրճատել իրենց հասանելիք գումարը: Խմբի անդամ Տաթևիկ Դավթյանն ասում է, որ այս անգամ ևս չեն պատրաստվում լռել:
«Մենք չենք պատրաստվում լինել պասիվ և սպասել մինչ Կառավարությունը կհաստատի այս փաթեթը և այնուհետև ուղարկի ԱԺ: Մենք մեր բողոքի ձայնը պատրաստվում ենք հնչեցնել ավելի վաղ: Նախատեսում ենք նամակ` մեր բոլոր փաստարկներով, ուղարկել Կառավարություն և ստորագրահավաք», - «Ազատության» հետ զրույցում նշեց Դավթյանը: