«Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ դաշնակահարը կկատարի Մոցարտի, Շուբերտի և Կոմիտասի ստեղծագործություններից:
Մենահամերգը տեղի է ունենում այս տարի 15-ամյա հոբելյանը նշող «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում:
«Փառատոնի համար Ալեքսեյ Լյուբիմովի անունը առանձնահատուկ է, որովհետև երբ փառատոնը տասնհինգ տարի առաջ իր գործունեությունը պիտի սկսեր, այն միսիան, որ մենք մեր առաջ դրեցինք` Հայաստանը դարձնել երաժշտական աշխարհի լավագույն մայրաքաղաքներից մեկը, և պիտի լինեին անպայման ամենամեծերը փառատոնում: Եվ փառատոնի բացումը իմ ընկերներն էին` Ալեքսեյ Լյուբիմով, Տանյա Գրիդենկո, որոնք ռուսական մշակույթի ամենակարկառուն մեծագույն դեմքերն են», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Ալեքսեյ Լյուբիմովը ներկայումս Ավստրիայի քաղաքացի է, նրա ընտանիքը ապրում է Փարիզում: Նա ամեն տարի տասնյակ համերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրների ամենահեղինակավոր բեմահարթակներում:
«Ազատության» հարցին, թե ինչ տեղ ունի այսօր դասական երաժշտությունն աշխարհում, Լյուբիմովը պատասխանեց, թե կարծում է, որ դասական երաժշտությունը սկսել է չափազանց մոդայիկ դառնալ և նմանվել փոփ երաժշտությանը, մինչդեռ դասական երաժշտությունն «էլիտար արվեստ է և պետք է հնչի ոչ թե հազարավոր մարդկանց, այլ մի խումբ ընտրյալների համար, իրոք ունեն հոգևոր, ինտելեկտուալ պահանջները բավարարելու իրավունք»: