Մատչելիության հղումներ

Բորդյուժան այցելել է հայ - ադրբեջանական սահման


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Սա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին նման այցն էր:

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ երեքշաբթի օրը եղել է մարտական հենակետերում, տեղում ծանոթացել հայ - ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում մարտական հերթապահություն իրականացնող հայ դիրքապահների մարտական առօրյային:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը սպառիչ տեղեկություններ է ներկայացրել սահմանագոտում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների և հայկական կողմից ձեռնարկվող կանխարգելիչ գործողությունների վերաբերյալ:

Զորամիավորման հրամանատարը, պատասխանելով Բորդյուժայի և Օհանյանի հարցերին, ներկայացրել է նաև մարտական հերթապահության ընթացքը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ծանոթացել է նաև հայ դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին, թիկունքային ապահովմանը, մարտական ծառայության առանձնահատկություններին:

Լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում Բորդյուժան, անդրադառնալով սահմանագծում տիրող իրավիճակին, նշել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է, և իր այցելության նպատակն էլ հենց սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույց կազմելն է:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ էր այցելել հայ - ադրբեջանական պետական սահմանագոտի: Ողջունելով Բորդյուժայի այդ քայլը` Օհանյանը նշել է, որ նմանօրինակ այցելությունները ևս մեկ անգամ հավաստում են, որ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը հետաքրքրված է կազմակերպության անդամ պետություններում տիրող իրավիճակով, և այսպիսի այցելությունների արդյունքում է, որ ձևավորվում են ընդհանուր տեսակետներ` իրավիճակից բխող հնարավոր քայլերը և դրանց հաջորդականությունը որոշելու առումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG