Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր դառնում է 62 տարեկան։ Ծննդյան օրը նա որոշել է նշել սիբիրյան տայգայում։ Այդ մասին նախօրեին հայտնել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահն օդանավով մեկնում է Սիբիր, հանգստյան վայրը կլինի մոտակա բնակավայրից մոտ 300-400 կիլոմետր հեռավորության վրա։ Նա պարզապես հանգստանալու է», - ասել է Պեսկովը, չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ կարգի հանգիստ կլինի` ձկնորսություն, որս, կամ որևէ այլ ժամանց։ Խոսնակը նաև չի հրապարակել այդ բնակավայրի անվանումը։
Ըստ Կրեմլի հաղորդագրության, նախագահն ընտրել է այդ երթուղին նաև այն պատճառով, որ չորեքշաբթի օրը Սիբիրի դաշնային տարածքում խորհրդակցություն է անցկացնելու։ Խոսնակը հայտնել է, որ նախագահ Պուտինն անցած 15 տարիների ընթացքում առաջին անգամ է ծննդյան օրն արձակուրդ վերցնում։
«Այս տարի նախագահի աշխատանքային օրակարգը ոչ թե լարված է, այլ գերլարված, երբեմն շուրջօրյա, դրա համար էլ նա որոշեց Սիբիրում կայանալիք խորհրդակցությունից առաջ մեկօրյա կարճատև կանգառ անել տայգայում», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքերով, երկրի ղեկավարին, ինչպես միշտ, կշնորհավորեն ազգականներն ու բարեկամները, քաղաքական գործիչները։ Առաջին անգամ Պուտինը նախագահի պաշտոնում ծննդյան օրը նշել է Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Պավլովսկում։
Դրանից հետո նա ծննյդյան օրերը նշել է Նովո-Օգարյովոյի նստավայրում, մեկ անգամ՝ Քիշնևում, որտեղ ԱՊՀ-ի գագաթնաժողով էր։ Առավել հաճախ նա հոկտեմբերի 7-ն անցկացրել է իր ծննդավայր Սանկտ Պետերբուրգում։
Սակայն անցյալ տարվա հոկտեմբերին 7-ին Վլադիմիր Պուտինը Ինդոնեզիայում էր` Բալի կղզում, որտեղ գումարվել էր Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։
Այդ օրը Պուտինին շնորհավորել են գագաթնաժողովի մասնակիցները, Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յոդհոյոնոն երգել է, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ռուսաստանի ղեկավարին ճապոնական օղի է նվիրել` սակե, Չինաստանի նախագահ Շի Ձինփինը թխվածք է նվիրել։
Առայժմ հայտնի չէ, թե օտարերկրացի նախագահներից կամ վարչապետերից ովքեր կշնորհավորեն Պուտինին այս ծննդյան օրվա առթիվ։ Հավանաբար, նրանց թվում կլինեն ԱՊՀ-ի երկրների ղեկավարները, ինչպես նաև ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցում Ռուսաստանին աջակցած պետությունների պաշտոնյաները։
Թերևս քաղաքավարության կանոններից ելնելով, Արևմուտքն էլ կշնորհավորի Պուտինին, սակայն անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո շատ բան է փոխվել։ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի Դաշնության բացահատ ագրեսիան շատերին է մտածելու առիթ տվել։
Անցյալ տարի Ռուսաստանի նախագահի ընտանեկան կյանքում էլ լուրջ փոփոխություն եղել` Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները բաժանվել են։ Նախագահի անձնական կյանքի մասին հստակ տեղեկություններ չկան, հստակ է միայն այն, որ այսօր Պուտինն իր ծննդյան օրը նշում է սիբիրյան տայգայում։