Մատչելիության հղումներ

Ֆերմերները մտադիր են դիմել Եվրադատարան


Արարատցի Մեսպոպ Հայրապետյանը 10 հեկտար հող ունի, բայց երկու տարի է՝ չի մշակում, քանի որ ստիպված է դատարանից դատարան վազել՝ Կառավարությունից ստացած էլիտար սերմերի պատճառով:

Հայրապետյանն ու ևս 97 ֆերմերներ պնդում են, թե սերմացուն անորակ էր ու թանկ, տարեվերջին բերք չեն ստացել, միայն պարտքերն ու տոկոսներն են ավելացել․ - «Ես 10 հեկտար ցորեն եմ ցանել, մի մեշոկ ալյուր իմ տուն չեմ տարել․․․ Ես էսքան ծախս եմ արել, պլյուս էս դատարանները․․․ Գոնե կալանքը հանեն մեր վրից, թողենք էթանք, էթանք էս երկրից: Չենք ուզում»:

Գյուղնախարարությունը, մինչդեռ, պնդում է, թե սերմերն իրականում որակյալ են եղել, եղանակն է եղել անբարենպաստ: Բաժանված էլիիտար սերմերի դիմաց ֆերմերներից գումարը ստանալու հայցով Կառավարությունը դիմել է դատարան, և առաջին ատյանի դատարանները մինչև օրս բոլոր վճիտները կայացրել են հօգուտ նախարարության:

Ռաֆիկ Պողոսյանի դեմ հայցը ևս առաջին ատյանի դատարանը բավարարել է, 10 օրից նա մտադիր է դիմել վերաքննիչ ատյան, սակայն հույս չունի, թե ինչ-որ բան կարող է ի օգուտ գյուղացու փոխվել․ - «97 շահառուներիս էլ սկցրել են։ Հիմա կալանք ա դրած գույքի վրեն, երկու տարի ա կալանքի դրված ա, հիմա ո՞վ ա ընձի վարկ տալի: Բանկային հաշիվներում կալանք ա դրված»:

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եղանակային վատ պայմանների մասին իրենք էլ են տեղյակ, սակայն միակ փոխզիջումը, որ կարող են անել, գինն իջեցնելն է․ նախարարությունը այժմ մեկ կիլոգրամ սերմի դիմաց 700 դրամի փոխարեն պահանջում են ընդամենը 200 դրամ․ - «Եվ այդ երկու հարյուր դրամն էլ հողօգտագործողները պետք է վճարեն 4 տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարի եղած գումարի 25 տոկոսը»:

Այլ զիջումների նախարարությունը պատրաստ չէ գնալ:

Սակայն ֆերմերները մտադիր չեն ոչ մի լումա վճարել, նրանք ասացին, որ մտադիր են գործը հասցնել մինչև եվրոպական դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG