Կենդանիների պաշտպանության օրվան ընդառաջ՝ Հայաստանի բնապահպանության նախարարության և WWF-Հայաստանի աշխատակիցներն իրականացրել են երկու արջերի վերադարձը վայրի բնություն:
Քոթոթներին՝ հյուծված վիճակում, Վայոց Ձորի մարզի տարածքում հայտնաբերել էին Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները: Նախարարության և WWF-Հայաստանի համատեղ ջանքերով կենդանիները տեղափոխվել և մոտ երկու ամիս անասնաբույժի վերահսկողությամբ խնամվում ու կազդուրվում էին WWF-Հայաստանի կողմից հատկացված հատուկ տարածքում, մինչև որ կրկին կվերադարձվեին վայրի բնություն:
Քոթոթները, որոնց անվանել են Խոսրով և Աստղիկ, ազատ են արձակվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության (բուֆերային) գոտում: Այդ տարածքը, Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության վկայությամբ, շատ ավելի անվտանգ է կենդանիների համար այն տարածքի համեմատ, որտեղ քոթոթները հայտնաբերվել էին:
Աշխատանքներին հետևել են Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը և WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: