Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ պատգամավորները Մամեդյարովին հարցեր են ուղղել քաղաքական ճնշումների մասին


ԵԽԽՎ պատգամավորները Մամեդյարովին հարցեր են ուղղել քաղական ճնշումների մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չէր հասցրել շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խոսափողն իրեն տրամադրելու համար, երբ դահլիճից մի քանի հոգի բղավեցին՝ «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ ունեցավ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն նախագահողի կարգավիճակում։ Ադրբեջանը կոմիտեն ղեկավարում է վեց ամսով։

Նախագահությունը ստանձնելիս պաշտոնական Բաքուն վստահեցրել էր վեց ամիսների ընթացքում մեծապես աջակցել Եվրախորհրդի երեք կարևոր արժեքներին՝ մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարությանը: Մինչդեռ այս վեց ամիսների ընթացքում Ադրբեջանը հայտնվեց աշխարհի հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների սուր քննադատության թիրախում՝ այդ երկրում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ճնշումների պատճառով։

ԵԽԽՎ նախագահ Էնն Բրասսերը, մինչ խոսափողը կտրամադրեր Մամեդյարովին, նախ ցանկություն հայտնեց բացատրություն ստանալ ադրբեջանցի պաշտոնյայից այն մասին, թե ինչ է կատարվում այդ երկրում՝ շեշտելով, որ նկատի ունի ակտիվիստների ձերբակալությունները, որոնք մտահոգության տեղիք են տալիս։

Բրասսերն իր խոսքում նշեց, որ անցյալ շաբաթ էր Ադրբեջանում, հանդիպել է ձերբակալված ակտիվիստներից մի քանիսի հետ։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան Եվրախորհրդի չափանիշներին հետևելու, մասնավորապես, անկախ դատարանների, ազատ հավաքների անցկացման հարցերում։ «Այդ խնդիրները պետք է շուտափույթ լուծում ստանան»,- ասաց եվրոպացի պաշտոնյան։

Մամեդյարովն իր ելույթում շրջանցեց այս հարցերը՝ հիմնականում խոսելով նախարարների կոմիտեի կատարած աշխատանքներից և ուկրաինական ճգնաժամից։ Ընդ որում խոսելով ուկրաինական ճգնաժամից՝ բառ անգամ չհիշատակեց Ռուսաստանի մասին։ Սակայն եվրոպացի պատգամավորներն ավելի համառ էին, նրանց հարցերը հիմնականում Մամեդյարովի համար անցանկալի թեմաներին էին վերաբերում։

Ռոբերտ Բեդրոնը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Ադրբեջանում հարկային ստուգումներն անցկացվում են բացառապես ոչ կառավարական կազմակերպություններում, իսկ օրինակ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի վերաբերյալ որևէ հաշվետվություն չկա։

Թինի Կոխն էլ հարցրեց՝ ինչո՞ւ ադրբեջանական իշխանությունների խոստացած կլոր սեղանը ադրբեջանցի քաղբանտարկյալների թեմայով այդպես էլ տեղի չունեցավ, այլ դրա փոխարեն եղան նոր ձերբակալություններ։

«Ամառային արձակուրդներ էին, ապա Ղուրբան Բայրամը»,- արդարացավ Մամեդյարովը՝ նշելով, որ դրանից հետո այդ ուղղությամբ աշխատանք կսկսի։

Եվրոպացի պատգամավորները անուններ հնչեցրին՝ Անար Մամեդլի, Լեյլա Յունուս, Ինտիգամ Ալիև, Ռասուլ Ջաֆարով՝ պնդելով, որ այդ մարդիկ ճաղերի ետևում գտնվող քաղբանտարկյալներ են։

Մամեդյարովը չթաքցրեց զայրույթը՝ եվրոպացի պատգամավորնե՞րն են որոշում, թե ով է քաղբանտարկյալ, ով՝ ոչ։ «Ադրբեջանում քաղբանտարկյալ չկա, այդ անձինք ձերբակալվել են կոնկրետ հանցագործությունների համար»,- հայտարարեց նա։

Եվրոպացի պատգամավորները չշրջանցեցին նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման։ Օգոստոսյան բախումների մասին պատգամավորներից մեկի հարցին, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել և արդյոք տարածաշրջանում ռուսական խաղաղարար զորքերի տեղակայման անհրաժեշտություն կա՞, Մամեդյարովը չհստակեցրեց, փոխարենը ներկայացրեց հակամարտության պատմության ադրբեջանական վարկածը։ Վերջում միայն ավելացրեց, որ կարգավորման հարցում որևէ առաջընթաց չի տեսնում, և առաջընթաց կարելի է գրանցել միայն այն ժամանակ, երբ հայկական զորքերը հանվեն Լեռնային Ղարաբաղից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG