Այսօր առավոտյան մայրաքաղաքի Պարոնյան փողոցից մեկնարկած «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը ընդամենը մի քանի վայրկյան տևեց:
Ոստիկանությունը ամբողջությամբ փակեց փողոցը, իսկ փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հայտարարեց, որ բողոքող վարորդների ավտոերթը դեպի Ազգային ժողով չեն կարող թույլատրել, քանի որ դա անվտանգության սպառնալիքներ է ստեղծում։
Մի քանի րոպե սպասելուց հետո վարորդները որոշեցին թողնել մեքենաները և քայլերթով շարժվել դեպի ԱԺ։ Արդեն խորհրդարանի դիմաց նրանք դուրս հրավիրեցին պատգամավորներին։
Ակցիայի մասնակիցների պահանջները երկուսն են՝ համաներում կիրառել նախկին տուգանքների նկատմամբ և վերացնել կարմիր գծերով ավտոկայանատեղերը։
«Ձեր գործառույթները կատարելուց առաջ հասկացեք՝ ինչ կոճակ եք սեղմում և ինչի համար: Ձեր անիմաստ գործողությունների արդյունքում տասնյակ հազարավոր մարդկանց գործեր գտնվում են ԴԱՀԿ ծառայության վարույթներում: Հազարավոր մարդիկ զրկվել են իրենց ունեցվածքը տիրապետելուց, կառավարելուց: Վերանայեք էդ որոշումը», - հայտարարեց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:
«Դուք չեք մեր տեղը որոշելու: Մենք ձեզ դրել ենք էդտեղ, որ մեր շահերը պաշտպանեք, ոչ թե պախկվեք ոստիկանների, սերժանտների, գնդապետների թիկունքում, շենքից դուրս չգաք», - ասաց նախաձեռնության մեկ այլ անդամ:
Խորհրդարանի շենքից վարորդներին ընդառաջ ոչ ոք դուրս չեկավ: Նրանք երթով վերադարձան մեքենաների մոտ, որտեղից էլ արդեն մեկնարկեց ավտոերթը։ Երթի ընթացքում ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարորդներից մեկի մեքենան տարավ տուգանային հրապարակ։
Առաջիկայում «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը շարունակելու է ավտոերթերը։