Մատչելիության հղումներ

Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել սպանված դիվերսանտի դին


Լեռնային Ղարաբաղ -- Ադրբեջանական դիվերսիոն խմբից բռնագրավված զենք-զինամթերքը, Ստեփանակերտ, 10-ը հուլիսի, 2014թ․
Լեռնային Ղարաբաղ -- Ադրբեջանական դիվերսիոն խմբից բռնագրավված զենք-զինամթերքը, Ստեփանակերտ, 10-ը հուլիսի, 2014թ․

Հայկական կողմը այսօր Ադրբեջանին է հանձնել այս տարվա հուլիսին Քարվաճառի տարածքում սպանված դիվերսանտ Հասան Հասանովի դին:

APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի կայքէջը, հաղորդում է, որ գործընթացը իրականացվել է հիշյալ հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, միջադեպեր չեն արձանագրվել:

Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը, իր հերթին, տեղեկացնում է, որ դիվերսանտի դիակը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանական կողմին է հանձնվել ժամը 11:30-ի սահմաններում Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:

Հիշեցնենք՝ հուլիսին Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտների վնասազերծման օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ նրանցից երկուսը ձերբակալվել են, մեկը՝ սպանվել: Նույն ամսվա վերջին սպանված ադրբեջանցու դին հողին էր հանձնվել Լեռնային Ղարաբաղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG