Մատչելիության հղումներ

Պուտին. «Անհրաժեշտ են տեղեկատվական անվտանգության նոր միջոցներ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 1-ը հոկտեմբերի, 2014թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 1-ը հոկտեմբերի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռուսական համացանցային տիրույթները (domains) հետզհետե ավելի հաճախ են ենթարկվում կիբերգրոհների, սակայն Կառավարությունը մտադիր չէ սահմանափակել համացանցի հասանելիությունը։

«Մենք չենք ծրագրում համացանցը վերցնել հսկողության տակ, պետականացնել, կամ տեղեկատվական դաշտում սահմանափակել մարդկանց, ոչ պետական կազմակերպությունների և գործարարների օրինական շահերն ու հնարավորությունները», - հավաստիացրել է Ռուսաստանի ղեկավարը։

Երեկ ելույթ ունենալով երկրի Անվտանգության խորհրդի նիստում՝ Պուտինն ասել է, որ խոսքը համացանցի պաշտպանության մասին է։

«Նախևառաջ անհրաժեշտ է բարելավել տեղական հաղորդակցության ցանցերի և տեղեկատվական աղբյուրների անվտանգությունը՝ առաջին հերթին այն ցանցերի և աղբյուրների, որոնք պետական կառույցներն են օգտագործում, մեր նպատակն է կանխել դրսից հնարավոր ապօրինի ներխուժումներից», - հայտարարել է Պուտինը։

Նրա խոսքերով, ռուսական համացանցային տիրույթների նկատմամբ կիբերհարձակումների թիվն աճել է հատկապես անցած կես տարում, երբ սրվել է ուկրաինական ճգնաժամը։

Պուտինը նաև ասել է, որ պատկան ծառայությունները հետևողականորեն և օրինական կարգով փակելու են ծայրահեղականություն, խտրականություն, օտարատյացություն, ահաբեկչություն և մանկական պոռնոգրաֆիա տարածող կայքերը։

«Ակնհայտ է, որ այսօր անհրաժեշտ են տեղեկատվական անվտանգության ամրապնդմանն ուղղված նոր միջոցներ», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության հսկողության դաշնային ծառայությունը` "Роскомнадзор"-ը, Facebook և Twitter սոցցանցերից և համացանցային ծառայություններ մատուցող Google ընկերությունից պահանջել է իր մոտ պաշտոնապես գրանցվել և օգտատերերի համացանցային կես տարվա ամբողջ արխիվը (metadata) պահել Ռուսաստանի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG