Փոքր ու միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր էլ հավաքվել էին Ազգային ժողովի առջև՝ պահանջելու կասեցնել այսօրվանից գործող շրջանառության հարկի մասին նոր օրենքը, որը, ըստ ձեռներեցների, նրանց սնանկացման կարող է հասցնել։
Նրանք դեմ չեն, որ շրջանառության հարկը 3.5-ից 1 տոկոսի իջեցվի, բայց փաստաթղթավորումն անհնար են համարում։ Դա Հայաստանի պայմաններում անհնար է, ասում են ձեռներեցները։ Ինչու է վարչապետն ասում, որ փոքր բիզնեսին աջակցող օրենքի փոփոխություն է, երբ փոքր բիզնեսը դեմ է այս փոփոխությանը, զարմանում են նրանք։
«Դուրս է գալիս, որ կառավարությունը ուզում է փոքր ձեռնարկությունների միջոցով ջրի երես բերի մեծ ձեռնարկություններին։ Չեն կարողանում իրենք իրանցով, որ էսքան մարդ, փաստացի մի քանի տասնյակ հազար ընտանիք մնալու է անգործ»,- ասում էր ձեռներեցներից մեկը։
Մինչև 58 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներն ասում են՝ շատ ապրանքներ գնում են կիլոգրամներով, շատ այլ իրեր մաս-մաս են վաճառում, շատ այլ դեպքերում մեծ ներկրողներն իրենք չեն գործում օրինական դաշտում ու չունեն փաստաթղթեր ներկրած ու վաճառած ապրանքի համար։ Ձեռներեցներն ասում են, որ առևտրային յուրաքանչյուր գործարքի դեպքում առաջանում են յուրահատուկ խնդիրները պարտադիր փաստաթղթավորման պահանջը կատարելու համար։
«Ոնց ուզում են, մաքսազերծվում են, ոնց ուզում են իրացնում են, ո՞վ կուզենա թուղթ տալ։ Իրենք չեն կարողանում, պետք է մե՞նք պահանջենք խոշորից։ Պետք է կառավարությունը խոշորին բերի հարկային դաշտ»։
Սամսոն Գրիգորյանը անհատ ձեռներեց է, զբաղվում է մեքենայի մասերի վաճառքով։ Ասում է՝ անգամ փաստաթղթավորման մեծ ցանկության դեպքում անհնար է այդ գործն անելը։ Նա էլ մյուս ձեռներեցների պես կարծում է, որ իշխանության ներկայացուցիչները աշխատասենյակում նստած որոշումներ են ընդունում՝ առանց պատկերացնելու, թե ինչ է տեղի ունենում շուկայում։
«Այսօր իմ խանութում կա մոտ 1700-1800 տեսակ մանր-մունր բաներ՝ 100 դրամանոց, 50 դրամանոց, էդ ամբողջը փաստաթղթավորելը անհնար է։ Այսինքն մի հաշվապահ պետք է ամբողջ օրը նստի իմ կողքը, ես գոռամ՝ վաճառվեց էսինչ՝ էս գնով, նա պետք է գրանցի։ Ձուկը գլխից է հոտում։ Ավելի հե՞շտ է 55 հազար մանր հարկատուի հետևել, թե՞՝ մի քանի ներկրողի»,- հարցնում է Գրիգորյանը։
Չնայած վարչապետն այսօր Ազգային ժողովում չխոստացավ վերանայել օրենքը, ձեռներեցները չեն նահանջելու։ Ասում են, որ ինքնակազմակերպվել են, սոցիալական ցանցում խումբ ունեն, միություններ ունեն, ու պայքարելու են այնքան ժամանակ մինչև օրենքը կասեցվի։ Ցուցարարները նաև վիրավորված են, որ ոչ այսօր, ոչ նախորդ օրերին հանրապետական պատգամավորներ չեն իջնում, իրենց չեն հանդիպում՝ ի տարբերություն ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների։
Վարչապետի այն պնդումները, թե այսօրվա գործող օրենքի պահանջի համաձայն պարտադիր փաստաթղթավորման ստուգումներն իրականացնելիս հարկային մարմինները չեն ընկնելու փոքր բիզնես հետևից՝ նրանց մոտ ստուգումներ իրականացնելով, վտանգավոր է թվում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։ Այսպիսով հնարավորություն կտրվի հարկային մարմիններին ստուգել ում ցանկանում են, փաստաթուղթ չպահանջել նրանից, ում ցանկանում են։
«Թողնվում է ստուգող մարմնի հայեցողությանը։ Մեր ստուգող մարմինների աշխատելաոճը շատ հայտնի է»,- ասում է Փաշինյանը։