Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ներկայացուցիչ․ 13 տոկոս ծեր բնակչությունը Հայաստանի համար մեծ թիվ է


ՄԱԿ-ի ներկայացուցիչ․ 13 տոկոս ծեր բնակչությունը Հայաստանի համար մեծ թիվ է
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ 2050 թվականին Հայաստանը 30 տոկոս ծեր բնակչություն կունենա:

Նորքի տուն-ինտերնատում ապրող ութսունն անց տարեցները՝ Անուշ Տարդեզյանն ու Հարություն Մկրտչյանը ծանոթացել և ամուսնացել են ծերանոցում, որտեղ բնակվում են արդեն ավելի քան 6 տարի:

«Ազատության» հետ զրույցում նրանք պատմում են, որ տուն-ինտերնատում են հայտնվել ծանր սոցիալական պայմանների պատճառով․ կինն ընտանիք և տուն չունի, իսկ ամուսինն ընդհակառակը՝ մեծ ընտանիք է ստեղծել, ունի չորս երեխա, սակայն թոռանն ամուսնացնելուց հետո Գյումրու իրենց փոքրիկ տնակում այլևս տեղ չի մնացել տան ծեր անդամի համար:

Իրենց նոր կյանքից, ծերանոցի պայմաններից զույգը չի դժգոհում, քանի որ այստեղ կարողացել են կրկին ընտանիք կազմել:

Նրանք ասում են, որ առօրյան հագեցած է անցնում, պայմանները բավարար են, շփվում են ծերանոցի 200-ից ավելի բնակիչների հետ, զբոսանքների են գնում: Զույգին հատկապես ուրախացնում է հեռուստացույցի առկայությունն իրենց սենյակում: Միակ խնդիրը հարազատների հանդեպ կարոտն է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ այսօր Հայաստանի բնակչության շուրջ 13 տոկոսը՝ 400 հազարը, 65-ից բարձր տարիք ունեն: Նրանցից 1300-ը բնակվում են Երևանում և մարզերում գտնվող 8 տուն-ինտերնատներում:

Նախարարությունից տեղեկացնում են, որ տարեց մարդկանց ցուցաբերվող միակ սոցիալական աջակցությունը բավական ցածր կենսաթոշակն է և ծերանոցներում ապրելու հնարավորությունը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասում է, որ 13 տոկոս 65-ից բարձր տարիքի բնակչությունը Հայաստանի համար բավական մեծ թիվ է: Քանի որ հայերը ծերացող ազգերի թվում են, մի քանի տարի անց այդ թիվը կանցնի 20 տոկոսը, իսկ 2050 թվականին կհասնի 30-ի: Այս իրավիճակը, ըստ Հայրապետյանի, ունի մի շարք պատճառներ:

«Դա ունի օբյեկտիվ պատճառներ․ անկում ապրած ծնելիություն, անկախությունից հետո բարձր միգրացիայի տեմպեր, մարդկանց կյանքի տևողության ավելացում, և որպես հետևանք` հասարակության մեջ ժողովրդագրական փոփոխություն է տեղի ունենում, երբ ավելի շատ են դառնում ծերացած մարդիկ, քան երիտասարդները», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հայրապետյանը:

Նրա խոսքով` տարիներ անց կենսաթոշակառուների առանց այդ էլ վատ սոցիալական վիճակը բարելավվելու փոխարեն կարող է վատթարանալ, քանի որ ծերացած հասարակությունն իր հետ բերում է նաև տնտեսական խնդիրներ. - «Մինչև 2050 թվականը մեկ թոշակառուին կընկնի կես աշխատող մարդ կամ երեք աշխատող կպահեն երկու թոշակառու, ինչը բավականին լուրջ սոցիալական բեռ է: Այսօր երեք աշխատող են պահում մեկ չաշխատողի»:

Նորքի տուն-ինտերնատում բնակվող զույգը թեև չի դժգոհում պայմաններից, այդուհանդերձ, ասում է, որ եթե կենսաթոշակը թույլ տար, իրենք կցանկանային դուրս գալ այդտեղից: Նման հեռանկար, սակայն, առայժմ չեն տեսնում․ - «Լույսերը` թանկ, գազը` թանկ, չի հերիքի մեր թոշակները: Երկուսով իրար հետ 45 հազար փող ենք ստանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG