Ընդդիմադիր եռյակը այսօր հայտարարել է, որ հոկտեմբերի 3-ին Արարատ քաղաքում հանրահավաք անցկացնելու իր հայտը համարում է ընդունված։
Հոկտեմբերի 10-ի հանրապետական հանրահավաքին ընդառաջ խորհրդարանական ընդդիմադիր երեք ուժերը հանրահավաքներ են անցկացնում նաև երկրի մի շարք քաղաքներում։
«Համապատասխան իրազեկումներն ի գիտություն են ընդունել բոլոր ութ քաղաքապետարանները, բացի Արարատի քաղաքապետից։ Վերջինս նախ օրենքով սահմանված կարգով չի պատասխանել հանրահավաքի իրազեկման հայտ ներկայացնողներին, իսկ մերժումը պատճառաբանել է օրենքով չնախատեսված հիմքերով», - ասված է հայտարարությունում։
Եռյակը Արարատի քաղաքապետի գործողությունները բողոքարկել է դատարանում, սակայն հայցը չի բավարարվել՝ իրազեկման հայտում առկա անճշտության պատճառաբանությամբ։
«Օրենքի պահանջով քաղաքապետարանը պարտավոր էր անմիջապես տեղյակ պահել իրազեկումը ներկայացնողներին՝ անճշտությունը ուղղելու համար։ Ի դեմս Արարատի քաղաքապետի գործողությունների և դատարանի որոշման, մենք գործ ունենք ակնհայտ ապօրինությունների, քաղաքական պատվերի հետ։ Այս հիմքով էլ հոկտեմբերի 3-ին Արարատում հանրահավաք անցկացնելու մեր հայտը համարում ենք ընդունված», - ասված է հայտարարությունում։