Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ 100 կարատ ադամանդի գործով


Լարված իրավիճակ՝ 100 կարատ ադամանդի գործով
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Այսօր Աբովյանի դատարանում 100 կարատ ադամանդի գործով նիստից հետո դատարանի միջանցքում կրքերը թեժացան:

Միջազգային կարգի սպորտի վարպետ, սամբոյի աշխարհի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, Նոր Հաճընի մարզադպրոցի տնօրեն Վահան Խոջոյանին վրդովեցրեց իր դեմ դատական հայց ներկայացրած, ոսկու և ադամանդի շուկայում հայտնի Սուրեն Հովհաննիսյանի հայտարարությունները:

Սուրեն Հովհաննիսյանն ավելի քան երկու տարի է՝ դատարաններում պնդում է, որ 2008 թվականին Վահան Խոջոյանին է տվել, ըստ հայցի, 25 հազար դոլարին համարժեք 100 կարատ ադամանդ՝ նրա հսկողությամբ գործող տաքսի ծառայության 50 տոկոսի բաժնեմասը տնօրինելու պայմանով: Իսկ պայմանը չկատարելու դեպքում, ըստ Սուրեն Հովհաննիսյանի հայցադիմումի, Վահան Խոջոյանը պետք է 2 տարվա ընթացքում Սուրեն Հովհաննիսյանին վերադարձներ 100 կարատ ադամանդե քարերը: Այս ամենը փաստող գրավոր ապացույց չկա: Պայմանագիր չի կնքվել:

Հայցվորը դիմել է ոստիկանություն` Վահան Խոջոյանին խարդախության մեջ մեղադրելով: Քրեական գործի հարուցումը մերժվել է Խոջոյանի արարքում խարդախության հանցակազմի բացակայության պատճառով:

Ապա Եղվարդի դատարանն է մերժել 100 կարատ ադամանդի պահանջով Սուրեն Հովհաննիսյանի քաղաքացիական հայցը։ Վերաքննիչը գործը բեկանել է և ուղարկել Աբովյանի դատարան՝ նոր քննության:

Սամբոյի աշխարհի չեմպիոնն ասում է, որ իր դեմ դատական գործընթաց ձեռնարկած Սուրեն Հովհաննիսյանն ամեն գնով ուզում է խլել տաքսի ծառայությունը: Մարզիկը հայտարարում է, որ հայցվորի պնդումները չեն հիմնավորվում որևէ ապացույցով: Պայմանագիր չկա: Սակայն Սուրեն Հովհաննիսյանը, ըստ գործի նյութերի, ունի տեսագրություն և ձայնագրություն: Նա, 90-ականներից գործարքների մեջ լինելով մարզիկի հետ, պարզվում է, վերջինիս գաղտնի է ձայնագրել: Մարզիկն ու նրա փաստաբանը պնդում են, որ գաղտնի ձայնագրությունը չի կարող համարվել օրինական, թույլատրելի ապացույց: Հայցվոր Սուրեն Հովհաննիսյանի փաստաբաններ Նարինե Ճաղարյանը և Մերի Գևորգյանը, սակայն, այսօր էլ դատարանում պնդեցին, որ նախորդ երկու ձախողված փորձերից հետո անհրաժեշտ է նաև երրորդ անգամ փորձաքննություն նշանակել այս գործով։

Ուշագրավ է, որ այսօր հայցվոր Սուրեն Հովհաննիսյանն ու նրա երկու փաստաբաններն առարկեցին, որ դատավոր Նելլի Գալստյանը թույլ տա տեսագրել նիստը: Սուրեն Հովհաննիսյանը, որը պնդում է, որ Վահան Խոջոյանն իրեն պարտք է, չցանկացավ, որ այսօրվա բաց, հրապարակային դատական նիստը տեսագրվի: Նա անգամ դուրս եկավ դատարանի դահլիճից, երբ տեսախցիկի դիտակետում էր: Երբ արդեն տեսախցիկն անջատվեց, հայցվորը վերադարձավ դահլիճ:

Վահան Խոջոյանը վրդովվեց՝ հիշեցնելով, որ այս նույն հայցվորն արդեն ավելի քան 2 տարի է՝ փորձում է ի վերջո հասնել նրան, որ դատարանն ապացույց համարի գաղտնի ձայնագրությունը.- «Էկել է իմ նման տղուն ուզում է փողով հաղթի»,- ասաց նա։

Ոչ հայցվորը, ոչ էլ նրա փաստաբանները դատական նիստից հետո չցանկացան պատասխանել «Ազատության» հարցերին:

Սամբոյի աշխարհի չեմպիոնն ասում է՝ դպրոցի մարզիչի իր ցածր աշխատավարձով խնդրահարույց է դատական մրցակցության մեջ մտնել ոսկու շուկայի հետ սերտ կապեր ունեցող իր նախկին գործընկերոջ հետ.- «Դպրոցի տնօրեն եմ աշխատում, ստանում եմ 60 հազար դրամ, 60 հազար դրամով ես ի՞նչ անեմ, ո՞նց պաշտպանեմ իմ արդարությունը։ Մազերս սպիտակեց»։

Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 22-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG